ՊՆ. ՀՀ ԶՈւ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում
Նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈւ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։
«Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը լիահույս է, որ դրանք կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հայտարարվել է, ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։