ՊՆ-ն հերքում է Տավուշի 2 գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է տարածվող լուրերը, թե հրահանգ է եղել Տավուշի մարզի երկու գյուղերից դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները և թե իբր գյուղերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին:
«Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է այդ լուրերը՝ մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ չստուգված և կեղծ տեղեկատվություն տարածելու»,-ասաց Ալթունյանը:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներում շրջանառվում էին տեղեկություններ, թե ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարին հրահանգվել է դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները Տավուշի մարզի երկու գյուղերից, որոնք, իբր, սահմանազատման արդյունքում անցնելու են ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։