Քոչարյանի փաստաբանի ապատեղեկատվությունը՝ ԵՄ-ի ֆինանսական աջակցության վերաբերյալ
Fip.am- ը գրում է. Հուլիսի 24-ին TV5 հեռուստաալիքի «Հարցազրույց» հաղորդման հյուրը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Սևակ Թորոսյանն էր: Վերջինիս՝ հարցազրույցի ընթացքում արտահայտած մի շարք մտքեր մանիպուլյատիվ են, որոշ դեպքերում՝ պարունակում են ապատեղեկատվություն։
Այսպես, խոսելով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմին հունիսի 20-ին խոսք չտրամադրելու մասին, Սևակ Թորոսյանը նշեց, որ իր մասնագիտական գործունեության պրակտիկայում նման դեպք դեռ չէր ունեցել, և օրինակ բերեց, որ դիկտատորական, իսլամական երկրում, որտեղ նա պաշտպանական թիմում է եղել, 11 նիստից հետո դատավորը որոշում է կայացրել հօգուտ մեղադրյալի՝ չնայած, որ այդ երկրի գործող նախագահից հրահանգ էր եկել դատավորին:
Նա չմանրամասնեց, թե որ երկրի մասին է խոսքը, բայց զրույցի ընթացքում հիշատակեց, որ այդ երկրում մի քանի տարի առաջ բացվել է հակակոռուպցիոն դատարան և որ այդ երկիրն ամեն տարի 550 միլիոն եվրո է ստանում Եվրամիությունից` «արդար դատավարության և առաջադիմության» համար։
Փաստերի ստուգման հարթակը որոշեց պարզել, թե որ երկրի մասին է խոսում Սևակ Թորոսյանը, և արդյո՞ք ԵՄ-ն այդչափ խոշոր գումարներ է տրամադրում ինչ-որ երկրի «արդար դատավարության և առաջադիմության համար»:
Այսպես, հակակոռուպցիոն դատարան կա 23 երկրում, որոնցից իսլամադավան բնակչության մեծամասնություն ունեն 7-ը: Այդ իսլամական երկրների շարքում է նաև Պաղեստինը, որտեղ 2015 թվականին Սևակ Թորոսյանը պաշտպանել է Պաղեստինի նախկին նախարար Մոհամադ Դահլանի իրավունքները, որը Պաղեստինի գործող նախագահ Մահմուդ Աբբասի հակառակորդն էր:
Այս ամենից հետևություն անելով` կարող ենք ասել, որ հարցազրույցում նրա նշած դիկտատորական երկիրը Պաղեստինն է, ուղղակի այս դեպքում կա մեկ կարևոր հարց՝ Պաղեստինը դե յուրե ինքնիշխա՞ն պետություն է:
Ինչ վերաբերում է դիկտատորական լինելուն, համաձայն բրիտանական Economist Intelligence Unit֊ի (EIU)* հրապարակած «Ժողովրդավարության ցուցիչ-2015» վարկանշային աղյուսակի տվյալների՝ Պաղեստինը ստացել է 4,57 միավոր, Հայաստանը՝ 4 միավոր, իսկ ԱՄՆ-ն՝ 8․05 միավոր։ Այսինքն, ըստ այս հեղինակավոր վարկանիշի, «դիկտատորական» համարվող Պաղեստինում ժողովրդավարության ինդեքսն ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Սևակ Թորոսյանի այս պնդումը, հետևաբար, սխալ է։
*Ամեն տարի EIU-ն աշխարհի 165 անկախ պետությունների և երկու ինքնավար տարածքների համար չափում և հրապարակում է ժողովրդավարության մակարդակը:
Իսկ արդյո՞ք ԵՄ-ն տարեկան 550 միլիոն եվրո է տրամադրում Պաղեստինին՝ «արդար դատավարության և առաջադիմության» համար: Իրականում ԵՄ-ն միայն 2008-ին է 551 միլիոն եվրո տրամադրել Պաղեստինի իշխանություններին, բայց ոչ թե դատարանների աշխատանքների կամ «արդար դատավարության և առաջադիմության համար», այլ քաղաքացիական աշխատողների աշխատավարձերը և կենսաթոշակները, սոցիալական ծախսերը, մասնավոր հատվածի պարտքերը և անհրաժեշտ հանրային ծառայությունների ծախսերը հոգալու համար: 2008-ից սկսած PEGASE ծրագրի շրջանակում ԵՄ-ն և իր անդամ պետությունները ֆինանսական օգնություն են ցուցաբերում Պաղեստինին, բայց օգնության գումարը երբեք ֆիքսված չէ. օրինակ՝ 2014-2015 թվականներին կազմել է 390 միլիոն եվրո, իսկ 2018 թ.-ին ` 152.5 միլիոն եվրո:Հետևաբար՝ ամեն տարի տրամադրվող օգնության ֆոնդը փոփոխական է, այլ ոչ թե կազմում է 550 միլիոն։
Ինչ վերաբերում է դատական համակարգի առողջացման համար տրամադրված գումարներին, ապա մինչև այժմ Եվրամիությունը 28 միլիոն եվրո է հատկացրել Պաղեստինին։ Այս ֆինանսական աջակցությունն ուղղված է եղել դատական ծառայությունների որակը բարելավելուն:
Այսպիսով, «Հայլուր. հարցազրույց» հաղորդման հյուր Սևակ Թորոսյանը հստակ ապատեղեկատվություն է տարածել եթերում, եզրափակում է Fip.am-ը:
Գայանե Գասոյան