Քոչարյանը կմնա կալանքի տակ (տեսանյութ)
Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը։
«Դատարանը որոշեց ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի և Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի` Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը մերժել»,–ասաց Դանիբեկյանը։
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 19-ին:
Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները դատարան միանգամից երեք միջնորդություն էին ներկայացրել՝ նախկին վարչապետերի անձնական երաշխավորության, առողջական խնդիրների հիմքով խափանման միջոցի փոփոխման կամ վերացման և գրավը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
«Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: