«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Россия 24-ի հերթական սուտը Փաշինյանի ու Քոչարյանի մասին

Россия 24-ի հերթական սուտը Փաշինյանի ու Քոչարյանի մասին

Ռուսական պետական հեռուստաալիքը միակողմանի ու կեղծիքով լի ռեպորտաժ է պատրաստել Ռոբերտ Քոչարյանի մասին, գրում է   fip.am-ը:

Երեկ՝ մարտի 27-ին, ռուսական Россия 24 հեռուստաալիքը ռեպորտաժ էր պատրաստել Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին, որն իր միակողմանիությամբ և բազմաթիվ կեղծիքներով գրեթե չի տարբերվում Рен TV-ով մի քանի շաբաթ առաջ ցուցադրված նմանատիպ ռեպորտաժից։

Փաստերի ստուգման հարթակն անդրադարձել էր Рен TV-ի ռեպորտաժին՝  կետ առ կետ նշելով այնտեղ տեղ գտած ապատեղեկատվությունները։ Այժմ, սակայն, անդրադառնանք Россия 24-ի տարածած կեղծիքին։

Փաշինյանի ցանկությունները

Ռեպորտաժի հենց սկզբում հեղինակը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրենի խոսակցությունից պարզ է դառնում, որ Փաշինյանը ուզում է «նստեցնել» նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ընդ որում՝ վարչապետն այդ նպատակին հասնելու համար կանգ չի առնում ոչ մի օրենքի առաջ։ Որպես այդ պնդման ապացույց՝ ներկայացվում է Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Վանեցյանի խոսակցության հրապարակված ձայնագրությունը:

Այնինչ իրականում Փաշինյանը դեռևս ոչ մի անգամ չի հայտնել Ռոբերտ Քոչարյանին բանտարկելու ցանկության մասին։ Դա նաև որևէ կերպ չի բխում վերոնշյալ ձայնագրությունից:

Կալանավորումն ու վերադարձը դեպի մեծ քաղաքականություն

Ռեպորտաժի հեղինակը մեջբերել է մի քանի շաբաթ առաջ Рен TV-ի ռեպորտաժից նույն հատվածը և, առանց ստուգելու փաստերն ու ժամանակագրությունը, իրադարձությունները ներկայացրել է իրեն ձեռնտու հերթականությամբ։ Մասնավորապես, ըստ ռեպորտաժի տրամաբանության, Քոչարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է նրա՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո։ Իրականում, սակայն, ինչպես արդեն գրել էինք այդ մասին, Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին հաղորդագրությունը ՀՔԾ-ն տարածել էր 2018 թվականի հուլիսի 26-ին (դատարանը նրան կալանավորեց հուլիսի 27-ին), իսկ Քոչարյանն իր՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարել էր 2018 թվականի օգոստոսի 16-ին՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

Առաջադրված քրեական հոդվածի մասին

Ռեպորտաժում խոսվում է նաև այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են մի հոդվածով, որն ուժի մեջ է մտել 2009 թվականին, հետևաբար՝ չէր կարող տարածվել 2008 թվականի իրադարձությունների վրա։

Իրականում Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2009 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով, այն է՝ Սահմանադրական կարգի տապալումը։ 2008 թվականին գործող Քրեական օրենսգրքի 300 հոդվածով ևս նախատեսված էր այսպիսի հանցագործություն, պարզապես՝ 2009-ին ընդունված ՔՕ-ում այն առանձնացված է որպես առանձին՝ 300․1 հոդված։

Այս մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Մեղադրանք առաջադրելով՝ խախտվում է Սահմանադրությունը

Հեղինակը համոզմունք է հայտնում, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելով՝ խախտվում է նախագահի՝ Սահմանադրությամբ երաշխավորած անձեռնմխելիությունը։ Իրականում, սակայն, Սահմանադրությամբ ամրագրված է, որ երկրի նախագահն անձեռնմխելի է իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Միևնույն ժամանակ, պաշտոնավարումից հետո անձեռնմխելիությունից զրկելու հիմք կարող է հանդիսանալ պաշտոնավարման ժամանակ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների կատարումը։ Այսինքն՝ նախագահը կարող է քրեական հետապնդման ենթարկվել, եթե վերջինիս գործողությունները չեն եղել իր լիազորությունների շրջանակներում։ Այս դեպքում Քոչարյանը մեղադրվում է բանակն ապօրինի կերպով ներքաղաքական կյանքին ներքաշելու մեջ, ինչն իր պաշտոնեական լիազորություններից ոչ միայն չի բխում, այլև հակասում է դրանց։

Ի դեպ, Փաստերի ստուգման հարթակը դեռևս օգոստոսին անդրադարձ էր կատարել այս հոդվածին և մանրամասն բացատրել, թե ինչքանով էր բանակն առնչություն ունեցել Մարտի 1-ի իրադարձություններին։

Քոչարյանի մասին ոչ մի լավ բառ

Ըստ Քոչարյանի պաշտպանների, վերջինիս մասին լրատվականները չեն գրում ոչ մի դրական լուր։

Իհարկե, այս կեղծ տեղեկատվությանը կարող էինք նաև անդրադարձ չկատարել, սակայն ծիծաղելի է, որ Россия 24-ի ռեպորտաժը տարածվել է հենց հայկական լրատվականների միջոցով, և հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ստացվել, որ Քոչարյանի մասին ոչ մի լավ բան չգրող լրատվականները տարածում են ՀՀ երկրորդ նախագահին բացահայտ սատարող ամբողջովին կեղծ ռեպորտաժը։

Ավելին, օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակած զեկույցի համաձայն, բազմաթիվ լրատվամիջոցներ (օրինակ՝ «5-րդ ալիքը», Yerevam.today կայքը) երկրորդ նախագահին ինտենսիվորեն լուսաբանել են դրական լույսի ներքո:


Հեղինակ Ելիզավետա Խրամցովան ռեպորտաժի ողջ ընթացքում աչքի է ընկնում բացահայտ միակողմանի մեկնաբանություններով և լրագրողական էթիկային ոչ հարիր այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են «այս գործում խառնված են քաղաքական հաշվեհարդարը, դատարանների նկատմամբ ճնշումը և Սահմանադրության ուղղակի խախտումը», «Ռոբերտ Քոչարյանի վրա են «բարդել» Մարտի 1-ի պատասխանատվությունը», «այսպես ասված թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, որը եղել է Մարտի 1-ի անկարգությունների կազմակերպիչներից մեկը» և այլն։

Ավելին, ռեպորտաժում մի քանի անգամ հղում է արվում քրեական գործի նյութերին, այնինչ, դրանք առայժմ գաղտնի են, և եթե եղել է դրանց արտահոսք, ապա դա արդեն առանձին քրեական գործ հարուցելու հիմք է:

Հիշեցնենք, որ Россия 24-ը ռուսական պետական հեռուստաալիք է և ավանդաբար առաջ է մղում պաշտոնական Կրեմլի շահերը, եզրափակում է  fip.am-ը:

Կարդացեք՝ «Սարգիս Միքայելյան. Ռուսական Россия 24 -ի նյութը ի՞նչ է, եթե ոչ դիվերսիա»