Սալիվան. Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողություններն անպատասխանատու են և սադրիչ
ԱՄՆ նախագահ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ:
«Սահմանի այն հատվածներում, որտեղ դեռևս համաձայնեցված չէ սահմանագծումը, զինվորականների տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ գործողություններ են», - հայտարարել է Սալիվանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ զրույցներում։
Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 17-ին կայացած խոսակցությունների ընթացքում Սալիվանը մտահոգություն է հայտնել սահմանային լարվածության աճի կապակցությամբ: Սահմանի այն հատվածներում, որտեղ դեռևս համաձայնեցված չէ սահմանագծումը, զինվորականների տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ գործողություններ են։
Բայդենի խորհրդականը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման հարցում:
Սալիվանը ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող երկխոսությունը և այդ հարցի խաղաղ կարգավորման հարցում երկու առաջնորդների հանձնառությունը:
Նա ընդգծել է երկրների միջև պետական սահմանի սահմանագծման վերաբերյալ պաշտոնական քննարկումների անցկացման անհրաժեշտությունը:
Սալիվանը զրուցակիցներին հայտնել է նաև Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, տարածաշրջանային հաշտության հասնելու հանձնառության մասին: