«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Սամվել Աբրահամյան. Կարճ անդրադարձ հրատապ լուծում պահանջող խնդրին

Սամվել Աբրահամյան. Կարճ անդրադարձ հրատապ լուծում պահանջող խնդրին

Կարճ անդրադարձ հրատապ լուծում պահանջող խնդրին

Թեման, որի մասին կխոսեմ, ծավալուն է և բազմաշերտ։ Բայց կանդրադառնամ ընդամենը մեկ, գիտականորեն հիմնավորված շատ կարևոր ասպեկտի՝ ընտրողի վարքագծին։

Սկզբում հարցեր․

1. 1998 թվականի հրաժարականից հետո և մինչև 2007 թվականի սեպտեմբերի 21-ը (շուրջ 10 տարի) առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լռել է։ Փոխարենը 12 հեռուստաալիք և գրեթե ամբողջ մամուլը 10 տարի ամենօրյա ռեժիմով վարկաբեկել և քարկոծել են նրան՝ իր դեմ տրամադրելով ողջ հասարակական կարծիքը։ Սակայն ընդամենը մեկ դահլիճային ելույթով և մեկ հանրահավաքով առաջին նախագահը հօդս ցնդեցրեց ռեժիմի 10 տարվա չարչարանքը և կարողացավ իր շուրջը համախմբել քաղաքական դաշտի և հասարակության պատկառելի մասը՝ դառնալով 2008-ի նախագահական ընտրությունների առանցքային դերակատարը։ Ինչու՞ նա հաջողեց։

2. 2014 թվականին ձևավորվեց Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան (ԲՀԿ-ՀԱԿ) համագործակցությունը, իսկ այնուհետև դաշինքը։ Ու թեև Կոնգրեսն այլևս չուներ նախկին կշիռը և թվում էր, թե իշխանությունը ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը, այնուամենայնիվ դաշինքը ընդամենը մի քանի ամսում լայն աջակցություն ստացավ ժողովրդի կողմից և իշխանափոխությունը օրերի հարց էր (դրա չհաջողելու պատճառների քննությունը այս թեմայից դուրս է)։ Ինչու՞ այս դաշինքը այդպիսի էֆեկտ ունեցավ։

3. Այս օրերին իշխանական ողջ պրոպագանդան թիրախավորում է չորս անձի՝ Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին և ․․․ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Առաջին նախագահը չի մասնակցելու ընտրություններին, չի գլխավորելու ՀԱԿ-ի ընտրական ցուցակը, այսինքն չի լինելու Փաշինյանի մրցակիցը։ Ինչու՞ է նիկոլական քարոզչությունը այդքան ռեսուրս ծախսում նրան վարկաբեկելու վրա։ 
Այս հարցերի պատասխանը կգտնենք ամերիկացի սոցիալական հոգեբան Ջո Չենգի և էվոլյուցիոն տնտեսագետ Ջոզեֆ Հենրիխի՝ առաջնորդության մեխանիզմների և ընտրողի վարքագծի հետազոտությանը նվիրված համատեղ աշխատությունում։ Նյութը չծանրաբեռնելու համար, կարճ ներկայացնեմ նրանց, ինչպես նաև այլ հետազոտողների գլխավոր եզրահանգումը․ կա առաջնորդության հասնելու երկու իրարից անկախ, բայց հավասարապես կենսունակ ուղի՝ ուժը և ինտելեկտը։ Թույլ սոցիալական ինստիտուտներ ունեցող հասարակություններում (ինչպիսին մերն է), առավելևս եթե երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, առկա են արտաքին սպառնալիքներ, անկայունություն, հասարակական բևեռացվածություն, զանգվածային ընտրողի համար ընտրություն կատարելու գլխավոր չափորոշիչը ուժն է (առաջնորդի կերպարը, խարիզման, բնավորությունը, կամքը,  վճռականությունը, ֆինանսական և տնտեսական կարողությունները)։ Մինչդեռ ինտելեկտը (ծրագիրը, ռազմավարական հաշվարկը, գիտելիքը, հմտությունը, փորձը) թեև կարևոր, բայց երկրորդական գործոն է դիտվում։ Միևնույն ժամանակ, նշված երկու գործոնների կոմբինացիան (համատեղումը) էապես ավելացնում է հաջողության հասնելու հնարավորությունները՝ ապահովելով մաքսիմալ կայունունթյուն և երկարաժամկետ արդյունք։

Ահա այս էմպիրիկ մոդելի հիման վրա ձևակերպեմ վերը նշված երեք հարցերի պատասխանները մեկական տողով․

1. 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը ուժի և ինտելեկտի մեկտեղման մարմնավորում էր՝ իդեալական առաջնորդ

2. 2014 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան (ԲՀԿ-ՀԱԿ) դաշինքը ուժի և ինտելեկտի միավորում էր

3. Այսօր Փաշինյանի տագնապը 2008-ի և 2014-ի կրկնության վտանգի գիտակցումն է, այս անգամ՝ Սամվել Կարապետյան-Լեւոն Տեր-Պետրոսյան (Ուժեղ Հայաստան-ՀԱԿ) դաշինքի տեսքով, որը կարող է զանգվածային ընտրողի համար անդիմադրելի ուժի ցուցիչ դառնալ։ Առավելևս, եթե այն վերաճի լայն համախմբման։

Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար
Սամվել Աբրահամյան