«Սամվել Բաբայանի համակիրների հետապնդման գործն ամբողջությամբ բացահայտված է»
Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի համակիրների հետապնդման գործով, գործն ամբողջությամբ բացահայտված է,news.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ազգային անվտանգության ծառայությունն այդ գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է, որևէ դավադրություն փնտրել պետք չէ, երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։ Առաջիկա ժամերի ընթացքում կլինի հայտարարություն ոստիկանության և ԱԱԾ–ի համատեղ աշխատանքի վերաբերյալ»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, թե «մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները».
Հիշեցնենք նաև, որ «Ազատ Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել.«Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած այն հայտարարությունը, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից «բանդաներ» են հովանավորվում կամ, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդելով, դրանում քաղաքական ենթատեքստ են փնտրում, իրականության հետ որևէ աղերս չունեն: