Սերգեյ Մարկեդոնով. Լևոն Տեր-Պետրոսյանը 80 տարեկան է
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հունվարի 9-ին դարձավ 80 տարեկան։ Այդ կապակցությամբ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Դոնսկոյ Կազակ» Տելեգրամ ալիքում վերլուծել է նրա անցած ուղին և Ռուսաստանի համար որոշ եզրակացություններ արել։
Տեքստը ներկայացվում է առանց կրճատումների։
«1. Ամանորի և Սուրբծննդյան տոների շարքում կարծես կորավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տարեդարձը, մինչդեռ նրա կենսագրությունը խիստ ճանաչողական և ուսանելի է հետխորհրդային քաղաքական վերափոխումները հետազոտող որևէ մեկի համար։
2. Տեր-Պետրոսյանը պետական այրերի համաստեղության վառ ներկայացուցիչներից մեկն էր, որոնց ուսերին էր ընկել իրենց երկրները Խորհրդային Միության հանրապետություններից նորանկախ պետությունների վերածելու պատասխանատվությունը։ Այդ գործիչների մեծ մասը ֆիզիկապես ողջ չէ: Կյանքից հեռացել են Բելովեժյան համաձայնագրի բոլոր երեք «կնքահայրերը» (Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը, Ստանիսլավ Շուշկևիչը): Երկրային իրենց ուղին ավարտել են Այազ Մութալիբովն ու Միրչա Սնեգուրը, Ռահմոն Նաբիևն ու Սափարմուրատ Նիյազովը, Իսլամ Քարիմովն ու Զվիադ Գամսախուրդիան։ Այսօրվան են հասել միայն երկու կենտրոնասիական քաղաքական «ծանրքաշայիններ» (Նուրսուլթան Նազարբաևն ու Ասկար Ակաևը) և հետխորհրդային Հայաստանի առաջին առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։
3. Սակայն Հայաստանի նախկին նախագահի անձի նկատմամբ հետաքրքրությունը չի սահմանափակվում սոսկ նրա տարիքային ցուցանիշներով։ Ծնունդով լինելով սիրիացի՝ հալեպցի, սփյուռքահայ, հայրենադարձ, դառնալով պետության ղեկավար, նա, ըստ էության, պատնեշել է սփյուռքի ներկայացուցիչների մուտքը հանրապետության քաղաքականություն։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախ Հայաստանում նման մարդկանց կարելի էր մատների վրա հաշվել։ Ոչ բացահայտ ազգայնական, այլ համակարգի ներսում այլախոհ Տեր-Պետրոսյանը պերեստրոյկայի ժամանակ դարձավ հանրապետության գրեթե գլխավոր հակասովետական անձը։ Միության վերջին տարիներին մեղադրվեց և «պատասխանատվության ենթարկվեց» «ինքնահռչակ» Ղարաբաղ կոմիտեի գործունեության համար, նպաստեց Հայաստանի՝ «նորոգված ԽՍՀՄ»-ի պահպանման հանրաքվեին չմասնակցելուն, պատվավոր կոչումներ և գովասանական արձագանքներ ստացավ Արևմուտքում: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հենց Տեր-Պետրոսյանը Երևանն առաջնորդեց Մոսկվայի հետ ռազմավարական մերձեցման։ Լևոն Ակոպովիչի նախագահության օրոք կնքվեց պայմանագրերի ողջ համալիրը, որը պաշտոնականացնում էր Հարավային Կովկասում Հայաստան-ՌԴ կապերը։ Այդ ճանապարհի բարձրակետը եղավ 1997 թվականի օգոստոսին ստորագրված «Մեծ պայմանագիրը»։
4. Տեր-Պետրոսյանը հետխորհրդային այն սակավ քաղաքական գործիչներից է, որը եղել է և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն: Սկզբում նա պայքարում էր միութենական իշխանությունների և Հայաստանի կուսակցատնտեսական նոմենկլատուրայի դեմ (և, ի տարբերություն հետխորհրդային շատ երկրների, կարողացավ սանձահարել դա), այնուհետև հաղթեց ժողովրդի գրեթե միաձայն սատարմամբ, իսկ հետո աներեր ձեռքով արտակարգ դրություն մտցրեց, երբ ընդդիմությունն առաջին նախագահին մեղադրեց ընտրությունների ընթացքում կեղծիքների համար։ Եվ հենց նա եղավ հետխորհրդային առաջին քաղաքական գործիչը, որը տասնամյա ընդմիջումից ու լռությունից հետո փորձեց ընտրությունների միջոցով վերադառնալ որպես ընդդիմադիր թեկնածու։ Իսկ պարտվելուց հետո փորձեց փողոցում վիճարկել քվեարկության արդյունքները։
5. Տեր-Պետրոսյանը դեպի հայկական Օլիմպոս ճանապարհ բացեց այնպիսի տարատեսակ գործիչների համար, ինչպիսիք են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը։ Եվ ամեն անգամ նրա հովանավորյալները, թեև իրենց յուրահատկություններով ու երանգներով, սկսում էին իրենց խաղերը՝ դառնալով Լևոն Ակոպովիչի հակառակորդները։
6. Երբ Հայաստանի առաջին նախագահը հրապարակեց իր հայտնի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, հանրապետությունում նրան վերագրվեց «պարտվողի» և «համաձայնողականի» կերպարը։ Չնայած Տեր-Պետրոսյանը նույնպես հայ ազգայնական էր, ինչպես իր մյուս համախոհները, ճամփակիցներն ու հակառակորդները։ Սակայն, ի տարբերություն շատերի, նա բարեկամացած էր իրականության հետ և հասկանում էր, որ միայն երազանքները՝ առանց երկրի ներսում և երկրից դուրս համապատասխան ռեսուրսների, բավարար չեն հաղթանակի հասնելու համար։ Եվ, ի դեպ, Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակը տեղի է ունեցել հենց Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք։ Ճիշտ է, «հարցի գինը»՝ հակամարտության մեջ առանց ջերմության և էլեկտրաէներգիայի քաղաքների ու գյուղերի, փակ սահմանների, շրջափակման և ազգային բյուրոկրատիայի մակաբուծության տեսքով, չափազանց ակնհայտ էր՝ ակնառու փաստերը թաքցնելու համար։
7. Ռուսաստանի համար, որտեղ արտաքին քաղաքական ռեալիզմը դարձել է աշխարհիկ կրոնի պես մի բան, կարևոր է հասկանալ, որ ուժի գործոնը երկսայրի սուր է և կարող է օգտագործվել ինչպես քո կողմից, այնպես էլ քո դեմ: Դրա հետ պետք է կարողանալ պատշաճորեն վարվել՝ առանց իրերի ճշմարիտ իսկությունը պատրանքներով փոխարինելու: Եվ այս առումով Տեր-Պետրոսյանի կյանքի ու քաղաքական ուղին նաև կիրառական նշանակություն ունի մեր Հայրենիքի մտածողների համար»։