«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Շահեն Պետրոսյան. Հայկական Ֆորեստ Գամփ

Շահեն Պետրոսյան. Հայկական Ֆորեստ Գամփ

Փոքրիկ  ֆանտասմագորիա ՝ Բոբ Դեն Օյլի պատմվածքից ներշնչված
Իր պատմվածքը կոչվում էր «Մարդն առանց հոտային բնազդի»:  

Հայտնի բան է, որ մարդ արարածը սոցիալական էակ է, իսկ սոցիալական հասարակություններում, ինչպես կենդանական աշխարհում, անխուսափելի է առաջնորդների ու հավակնորդների գոյությունը, ինչպես եւ անխուսափելի է նրանց միջեւ ընթացող հավերժական պայքարը:  Ինչեւէ, որպեսզի չմոլորվենք  փիլիսոփայական կամ անտրոպոլոգիական հորձանուտներում ՝ անցնեմ բուն պատմությանը:
Նոր տարվա շեմին Էյր Ֆրանս ընկերության Բ-777օդանավը Փարիզ-Լոս-Անջելես չվերթն է իրականացնում: Այդ չվերթում միշտ էլ բազմաթիվ հայեր են լինում, չնայած հիմա հայերի մեծ մասը կգերադասեր Աէրոֆլոտով թռչել/ ո՞վ է վստահում ֆրանսիացի օդաչուին /: Ինչեւէ, ցանկությունը՝ ցանկություն, իսկ ռեալությունը Էյր Ֆրանսն է՝ իր ֆրանսիացի հրամանատարով: Ճակատագիրը կողք կողքի աթոռների է տեղավորում երկու հայ տղամարդու, երկուսն էլ Հայաստանից: Նրանց պայմանական կոչենք Վարդան ու Վրեժ: Հայացքով միմյանց մի լավ զննելուն հետեւում է հայկական  ավանդական հարցը ՝ ախպեր, հայ ե՞ս: Գլխի թեթեւակի շարժմամբ դրական պատասխան, ու սկսվում է ծանոթանալու ու ինֆորմացիա կորզելու սուրբ գործընթացը: 

Երկար ճանապարհ են գնալու, մոտ տասներկու ժամ, ու էթիկետին հատուկ թեմաներից ՝ եղանակ, կանայք, մի քանի անեկդոտից, որ երկուսն էլ գիտեին, բայց քաղաքավարությունից դրդված ժպտում էին,սահուն անցան սպորտին ու դե իհարկե ֆուտբոլին: Հիշեցին Արարատ -73-ին ու հասան Հենոյին, ընդունեցին, որ Հայաստանում այլեւս ֆուտբոլ չկա, հետո պարզեցին, որ Վարդանը երկրպագում է Բարսելոնային, իսկ Վրեժը՝ Ռեալին: Մի փոքր վիճեցին ու տաք-տաք անցան քաղաքականությանը: 1988 թիվ, Ղարաբաղ կոմիտե, ՀՀՇ, ՀՀԴ, ԱԺՄ, ԱԻՄ ու վերջապես հասան 1996  թվի ընտրություններին: Անջրպետը սկսեց խորանալ: Վարդանը հարեւանների հետ արժանապատիվ խաղաղության կողմնակից էր, իսկ Վրեժը / դե անունը հո ջուր չի դառնա/, ասում էր, որ  արյունով ազատագրած հողերը անհնար է վերադարձնել:

Վեճին միացան մյուս հայ ուղեւորները՝ սփյուռքահայ, ռուսաստանահայ, արցախահայ ու նույնիսկ վրացահայ: Վիճաբանողներն իրար հերթ չտալով, մեկը մյուսին  չլսելով բարձր գոռգոռում էին, միմյանց մեղադրելով Հայաստանի ներկա վիճակի համար՝ այլ ազգերի ուղեւորների շփոթված ու դատապարտող հայացքների ներքո: Ոմանք նույնիսկ հեռոխոսներով  սկսեցին տեսագրել այդ խառնաշփոթը՝ մեկ էլ երբ էին ներկա գտնվելու հայոց հարցերի լուծմանը: Վեճն այն աստիճան հասունացավ, որ օդանավի անձնակազմը ստիպված էր սպառնալ, որ վայրէջքից հետո բոլորը պատասխանատվության կենթարկվեն: Դա էլ իհարկե ազգի փրկիչներին չստիպեց դադարեցնել խառնաշփոթը, բայց բանը վայրէջքին չհասավ: Հրամանատարը բարձրախոսով հայտարարեց, որ օդանավը թափահարվում է տուրբուլենտության գոտում հայտնվելու պատճառով, եւ բոլորից պահանջվում է նստել իրենց տեղերում եւ կապել ամրագոտիները:

Ապրելու առաջնահերթությունը հաղթեց հայկական հարցի վերջնական լուծման տենչանքին: Բոլորի հայացքները ուղղվեցին մոնիտորին՝ օդանավը գտնվում էր  Գրենլանդիայի օդային տարածքում: Հանկարծ ուղեւորներից մեկը սկսեց հիստերիկ գոռգոռալ՝ ձեռքը ուղղելով դեպի իլյումինատորը: Բորտուղեկցորդուհիներից մեկը նայելով դուրս՝  վազեց դեպի օդաչուների խցիկը, մյուսները  սկսեցին հանգստացնել  աչալուրջ ուղեւորին: Տագնապը շատ արագ փոխանցվեց բոլոր ուղեւորներին: Վատագույնը, ինչպես միշտ, առջեւում էր:

Երբ օդանավի շարժիչի այրման բոցերն ու ծուխը տեսանելի դարձան բոլորին, հրամանատարը վերջապես բարձրախոսով հայտարարեց, որ օդանավը ստիպված բարդ վայրէջք է կատարելու Գրենլանդիայում, որեւէ բաց ձնոտ դաշտում: Անձնակազմը զբաղված էր ուղեւորներին հորդորելով, որ հետեւեն անվտանգության կանոններին, սակայն դա չէր հաջողվում, քանի որ հայ ուղեւորները, շարունակում էին խառնաշփոթը, ստեղծված իրավիճակի համար մեղադրելով բոլորին՝ ողջ Եվրոպային,առանձին Ֆրանսիային, Մակրոնին, Թրամփին, ձեռքի հետ նաեւ Թուրքիային՝ աբսուրդի հասցնելով տեսարանը: Մի մասը «հայր մերն» էր ասում, մյուս մասը, թե բա՝ «հայի բախտ»: Թե ինչո՞վ էին մեղավոր ֆրանսիացի ու ամերիկացի ուղեւորները՝ դա հայերին քիչ էր հուզում: Ընդհանուր այդ պանիկայի մեջ կարելի էր լսել մի մասի ՝ Փրկչին ուղված հորդորներն ու աղոթքները, մյուս մասի իրատեսական մոտեցումը, որ պետք է վստահել անձնակազմին, մասնավորապես հրամանատարին: Երբ հնչեց հրամանատարի վերջին հայտարարությունը՝ անխտիր կատարել անձնակազմի բոլոր հրահանգներըանվտանգության կանոններին համապատասխան ՝ տիրեց քար լռություն.  կյանքի ու մահվան խնդիր էր եւխոհեմությունը հաղթեց: Հրամանատարի հմուտ գործողությունների շնորհիվ օդանավը վայրէջք կատարեց Գրենլանդիայի հարավ-արեւմտյան մասում՝ ձյան մեջ: Վայրէջքի ժամանակ խափանված շարժիչը,հարվածելով  ինչ-որ խոչընդոտի, պոկվեց, ու հրդեհը չտարածվեց օդանավի ֆյուզելաժին: Մի խոսքով, բոլորը ողջ մնացին, չհաշված տարբեր տեսակի կոտրվածքներն ու վնասվածքները: SOS հաղորդագրությունը ուղարկվել էր, սակայն օդանավի կապի միջոցները վնասված էին, եւ գտնվելու կոորդինատները փրկարարները կարող էին միայն մոտավորապես կռահել: Բնական է, որ հեռախոսային կապն էլ չկար այդ ձնե սառցյալ անապատում:

Հրամանատարը բոլորին խնդրեց դուրս գալ օդանավից՝ մաքուր օդին քննարկելու հետագա անելիքները: Վնասվածք ունեցող ուղեւորներին, որոնք մնացին օդանավի մեջ, առաջին օգնությունը ցուցաբերեց անձնակազմը: Դրսում հրամանատարը ֆրանսերեն ու անգլերեն ելույթ ունեցավ, ներկայացնելով նման դեպքերի համար միջազգային ինստրուկցիաներով պայմանավորված գործողությունները: Բացատրեց, որ բոլորը պետք է մնան օդանավի մոտ, մինչեւ փրկարարները գան օգնության: Սակայն սկսվեց ընդվզում հրամանատարի դեմ, ուղեւորների միջից ձայներ լսվեցին, որ հրամանատարն է մեղավոր այս ամենի համար, ու պետք չէ հետեւել իր ասածներին: Դեռ թռիչքի ժամանակ Վրեժը նկատել էր, որ հայ ուղեւորների մեջ բավականին շատ էին իր կարծիքը ընդունողները, ճիշտ է, Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ, սակայն որոշեց տվյալ իրավիճակում էլ օգտագործել  համոզելու իր տաղանդը: Զգաց, որ սա իր աստեղային ժամն է, ու թերի անգլերենով ելույթ ունեցավ ՝ հակառակվելով  հրամանատարին, ասելով, որ այդ, այսպես կոչված, միջազգային ինստրուկցիաները կազմել են բյուրոկրատները, որոնք երբեք նման իրավիճակներում չեն եղել, ուղղակի լափել են ԻԿԱՕ-ի փողերը: Վրեժի հիմնավորումը հետեւյալն էր. այս մառախուղի ու բքի պայմաններում ոչ մի փրկարարարական  ուղղաթիռ չի կարող իրենց գտնել ու հասնել օգնության: Ու եթե իրենք գտնվում են Գրենլանդիայի հարավ -արեւմտյան մասում, այստեղ է գտնվում նաեւ ամերիկյան ռազմաբազան: Կարող են շարժվել դեպի հարավ ՝օվկիանոսի կողմը. ինչքան տեղյակ է, այնտեղ նաեւ «էսկիմոսների» /ինուիտների/ բնակավայրեր կան, այնտեղից էլ կապ կհաստատեն ու մնացածին, որոնք չեն կարող քայլել, փրկության կգան: Հրամանատարը առարկեց ու նորից ներկայացրեց միջազգային ինստրուկցիաների պահանջները նման դեպքերի համար: Բայց արդեն ուղեւորների մեջ միակարծություն չկար, շատերը հակված էին քայլելու վարակիչ գաղափարին: Մանավանդ, երբ Վրեժը պատմեց Անդերում վթարված օդանավի պատմությունը, նկարագրելով սահմռկեցուցիչ մանրամասները, որ քայլողները հասել էին Չիլի եւօգնություն էին ուղարկել, իսկ ովքեր մնացել էին օդանավի մոտ, համարյա բոլորը մահացել էին, ողջ մնացածները սնվել էին նրանց  դիակներով: Այս պատմությունից հետո քչերը մնացին սթափության կողմնակից: Վարդանը եւէլի  մի քանիսը փորձեցին պաշտպանել հրամանատարի գաղափարը, սակայն Անդերում վթարի ենթարկված օդանավի պատմության զգացմունքային ֆոնը թույլ չտվեց սթափության կոչը լսելու:       

Հրամանատարը զգաց, որ այլեւս անհնար է մարդկանց ոգեւորությունը զսպել, որ չդիմեն արկածախնդրության: Բացատրում էր, որ քարտեզով գտնվում են հարավային բնակավայրերից 200-300 կմ հեռավորության վրա ու այս ցրտին դժվար հաղթահարեն ճանապարհը: Բայց մեծամասնությունը անդրդվելի էր: Ինստրուկցիաներին հետեւելով ՝ հրամանատարը չէր կարող հիմնական խմբին միայնակ թողնել: Նա իր անձնակազմի բորտուղեկցորդ կանանց խնդրեց, որ մնան վիրավորների հետ օդանավում՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալու համար: Վարդանն էլ իր հերթին, լինելով սթափ բոլոր հարցերում, ոչ միայն հայաստանյան,  մի քանի հոգու կարողացավ համոզել, որ մնան օդանավի մոտ, վկայակոչելով, որ այդ միջազգային կարգավորումները գրված են մասնագետների կողմից, իսկ եթե որոնման աշխատանքներ լինեն, վերեւից մեծ օդանավը ավելի շուտ կհայտնաբերվի, քան մարդկանց խումբը ձների մեջ: Եվ վերջապես օդանավի մեջ մնացել է եւ ուտելիք, եւ խմիչք: Վրեժի հետեւորդները, չանսալով Վարդանի խոսքին, օդանավից վերցրեցին անհրաժեշտ սնունդն ու ալկոհոլը եւ ճանապարհվեցին դեպի անորոշություն, իսկ անձնակազմից մի քանիսը ու Վարդանի փոքրաքանակ խումբը մնացին օդանավի մոտ:

Երեք ծանր ցուրտ գիշեր անցկացնելուց հետո երկինքը պարզվեց  հեռվից լսվեցին ուղղաթիռների պտուտակների ձայները՝ ամերիկյան ռազմաբազայի ուղղաթիռներն էին: Բոլորը դուրս թռան օդանավից ու սկսեցին ազդանշաններ տալ: Ուղղաթիռները վայրէջք կատարեցին օդանավի մոտ: Ինչ է կատարվել, ու՞ր են մնացած ուղեւորները, ու՞ր է հրամանատարը: Բացատրեցին, թե ինչ է տեղի ունեցել ու որպեսզի էլ ժամանակ չկորցնեն, առաջին հերթին վիրավորներին տեղավորեցին ու ուղղաթիռներից մեկը գնաց: Մնացած ուղղաթիռների մեջ տեղավորվեցին անձնակազմի անդամներն ու Վարդանի խումբը եւ գնացին որոնելու քայլողներին: Քանի որ պարզ եղանակ էր, մոտ 30-40 կմ թռիչքից հետո հայտնվեցին առաջին նշանները՝ ոտնահետքերը, իսկ քիչ անց երեւացին ձնեպատված մարմինները: Ուղղաթիռները վայրէջք էին կատարում ու հավաքում դիակները, ամենավերջում հայտնվեց ողջ մնացածների փոքրիկ խումբը, որոնց մեջ էին հրամանատարը, 2-րդ օդաչուն, մեր «հերոս» Վրեժը, մի քանի ֆրանսիացի ու ամերիկացի:

Հայերից ողջ էին մնացել միայն նրանք, որոնք Վարդանի հետ էին (կոռեկտության համար չենք նշի ՝ թե տարատեսակ հայ խմբերից որոնք էին ողջ մնացել):

Երբ ուղղաթիռի հրամանատարը հարցրեց օդանավի հրամանատարին, թե այս ինչպե՞ս  պատահեց, պատասխանը հնչեց մոտավորապես այսպես. «մարդիկ տրվեցին հոտային բնազդին, իսկ ես չէի կարող թողնել նրանց ճակատագրի քմահաճույքին»: 
-Իսկ այդ հայը ո՞վ էր, որ բոլորիդ այդպես տարավ սպանդանոց: 
-Իր ասելով Հայաստանի մարաթոնի նախկին չեմպիոնը, հայկական Ֆորեստ Գամփ… 

Շահեն Պետրոսյան