Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակից արցախցին Արցախի ՔԿ-ում է
Այսօր վաղ առավոտյան Արցախում տեղի ունեցած միջադեպի մասնակից ԱՀ քաղաքացուն ռուսական խաղաղապահները փոխանցել են Արցախի իրավապահներին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Քիչ առաջ ԱՀ քննչական կոմիտեում հանդիպել եմ քաղաքացուն, ծանոթացել դեպքի հանգամանքներին։ Քաղաքացին կապ է հաստատել հարազատների հետ։
Արձանագրված միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու գործողություններն իրականացվելու են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ ապահովելով քաղաքացու բոլոր իրավունքներն ու օրինական շահերը։ Այս հարցում ՄԻՊ գրասենյակը իր իրավասությունների շրջանակներում իրականացնելու է բոլոր անհրաժեշտ գործողությունները։
Այսօրվա միջադեպը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի՝ հրադադարի հաստատումից ի վեր մեկ տարվա ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հանցանքերն անպատիժ թողնելու, Արցախի ժողովրդի իրավունքների պարբերաբար ու նպատակային խախտումների և ժողովրդին հոգեբանական ահաբեկման ենթարկելու ամբողջական համատեքստում»։