Սումգայիթի ջարդերից անցել է 38 տարի (տեսանյութ)
Արցախյան շարժումը կասեցնելու նպատակով Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայազգի բնակչության 3-օրյա ջարդեր։
1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին, սպանվեցին, բռնաբարվեցին, տանջամահ արվեցին ու այրվեցին բազմաթիվ մարդիկ։
Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, սակայն արդեն ուշ էր։ Այդ ջարդերն առաջին էթնիկ բռնություններ էին ԽՍՀՄ նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցան ինչպես նրա ամբողջական փլուզման, այնպես էլ ղարաբաղյան պատերազմի բռնկման գործում։
1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ: Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերին, որոնցով պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրավունքը: Մինչ օրս Սումգայիթի ջարդերի զոհերի թիվը հստակեցված չէ. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով՝ սպանվածների թիվը մի քանի տասնյակի է հասնում, իսկ ոչ պաշտոնականով՝ հազարից ավելի։
Փետրվարի 27-29-ին պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպված և իրականացված ջարդերը համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատական մինչ այսօր չեն ստացել։ Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը կամ ափսոսանք հայտնել էթնիկական զտումների համար: Հակառակը` Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես զոհ` հայ ժողովրդի գոյամարտը ներկայացնելով որպես «ագրեսիա», կոպտորեն աղավաղելով փաստերը։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
«Սումգայիթի ողբերգական դեպքերի վերբերյալ կան նաև վկայություններ ականատես ադրբեջանցիների կողմից: Օրինակ՝ Սումգայիթ քաղաքի բնակիչ, հայկական կոտորածների ականատես ադրբեջանցի Նաթիգ Ջավադլըն 2013 թ. BBC–ին տված հարցազրույցում նշել էր. «27-ին, 28-ին եղել եմ հրապարակում, հետաքրքիր էր, թե ինչ է լինելու: Այդ անգամ ևս չափազանց շատ մարդ կար, մեկն ասում է, որ գիտի, թե որ տներում են հայեր ապրում, և մարդիկ զանգվածաբար լցվում են թաղամասերը: Այդ թաղամասը, ուր մենք գնացինք… այդտեղ՝ բակի կողմից առաջին բնակելի շենքի մոտ, մարդկանց ձեռքում փայտե և երկաթե մահակների նման բաներ կային: Այդտեղ երեխաներին կոտորեցին, և նույնիսկ նրանցից մեկի աղիողորմ ձայնը լսվում էր դռնից: Այդ էլ որ տեսա, դուրս եկա բնակարանից: Մի քանի թաղամասերում նման վայրագություններ են եղել... Այդտեղ շատերի աչքի առաջ էր տեղի ունենում այդ ամենը, շատերը հետաքրքրասիրությամբ նայում էին, ես ինքս էի ապշած նայում, թե ինչ է տեղի ունենում. ինչո՞ւ բողոք, դժգոհություն չկա, չէ՞ որ մենք պետք է բողոքեինք՝ տեսնելով այդ ամենը...»:
Սումգայիթը Խորհրդային Ադրբեջանից ավելի քան կես միլիոն հայերի դեմ սկսված էթնիկ զտման ու բռնի տեղահանման գործողությունների սկիզբն էր: 38 տարի անց Ադրբեջանի պետական քաղաքականությունը ոչ միայն չի փոխվել, այլև ավելի հայատյաց ու ագրեսիվ է դարձել։ Ցավոք, մենք շարունակում ենք հետևություններ չանել պարզ ու ակնհայտ իրողություններից․․․»


