Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը
Մարտի 10-ին, ժամը 14:21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կապան-Առաջաձոր ավտոճանապարհին, Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։
Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ և աշակերտներ։
Նախնական տվյալներով կա 23 տուժած։
Aravot.am-ի տեղեկություններով, աշխատակիցներից մեկը մահացել է, մահացածի ինքնությունը ճշտվում է, 15 հոգի տարբեր վնասվածքներով գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում։