«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

«Կառավարությունը պետք է կարողանա օգտագործել քաղհասարակության մասնագիտական կարողությունները»

«Կառավարությունը պետք է կարողանա օգտագործել քաղհասարակության մասնագիտական կարողությունները»

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանն ապրիլի 5-ին ԱԺ-ում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի աշխատանքային խմբի 2015թ․ հրապարակած զեկույցից առանձնացրեց խաղաղ հավաքների և դատական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր՝ շեշտադրելով այդ փոփոխություններով պայմանավորված ակնկալիքների առկախված լինելը։

Տիգրան Եգորյանը, մասնավորապես, նշեց, որ «Իրավունքի Եվրոպա միավորում»-ը նախորդ մի քանի տարիների ոչ ժողովրդավարական իշխանության գործունեության շրջանակում կարողացել է իրավական գործիքակազմի, ռազմավարական դատավարությունների միջոցով հասնել շոշափելի փոփոխությունների, որոնցից են ընտրական իրավունքի, խաղաղ հավաքների պաշտպանության, հանրային իշխանության տարբեր մարմինների ձևավորման, այդ թվում՝ դատավորների ընտրության գործընթացի նկատմամբ վերահսկողության ոլորտները։

«Եթե մեկ կամ մի քանի կազմակերպություն նախորդ անբարենպաստ պայմաններում հնարավորություն է ունեցել ուժերի լարմամբ մի քանի տարում հասնել բավական էական փոփոխությունների, ապա այսօր, հաշվի առնելով հեղափոխությունը և դրան հաջորդած զարգացումների արդյունքում առկա իրողությունները, ակնկալվում է պետության բոլոր ուղղություններով առավել ակտիվ և առավել արդյունավետ միջոցների ձեռնարկում՝ այդ գործընթացներն առավել մասնակցային դարձնելու համար»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ միայն դատական համակարգի և այդ համակարգի բարեփոխման մասին խոսելը միամտություն է, եթե խոսում ենք առանձին վերցրած դատական համակարգի և նրա բարեփոխումների մասին։

«Այսօր կառավարությունն ազգային դատարաններում, ՄԻԵԴ-ում, այդ թվում՝ ՀՀ-ի դեմ կայացված ակտերով ընդհանուր միջոցների կիրառմամբ ունի արդարադատության, մարդու իրավունքների ապահովման վրա լեգիտիմ ներգործության բազմաթիվ խողովակներ»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Տիգրան Եգորյանը նշեց, որ այսօր առանձնապես շոշափելի փոփոխություններ վերը նշած գործընթացներում և ուղղություններում չի նկատվում։ Ըատ նրա՝ կառավարությունն ի դեմս ոստիկանության, շարունակում է լռել խաղաղ հավաքի իրենց իրավունքն իրացարած անձանց իրավունքերի խախտման կապակցությամբ գործերով։

«Շարունակում է լռել՝ պնդելով, որ այդ իրավունքների խախտումները, ընդհուպ մինչև 2018թ․ ապրիլյան ցույցերի ժամանակ հատուկ միջոցների կիրառմամբ անձանց տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ պատճառելը եղել է իրավաչափ։ Ոստիկանությունն այդ պաշտոնական կեցվածքն ու դիրքն է ընդունում, և այս պարագայում կառավարությունը լուռ է»,- ասաց Տիգրան Եգորյանը։ Նա նշեց նաև, որ այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի դիրքորոշումներն առանձին գործերով առանձնապես չեն տարբերվում նախորդ տարիներին այդ կառույցի արտահայտած դիրքորոշումներից։

«Մենք արդեն ունենք ՄԻԵԴ-ի այնպիսի վճիռնր, մասնավորապես՝ Սաղաթելյանը, Վարդգես Գասպարին, որոնցով Եվրոպական դատարանը այնպիսի համակարգային խնդիրներ է բացահայտում և արձանագրում, որոնք պարզապես կաթվածի ազդեցություն ունեն ՀՀ դատական համակարգի և արդար դատաքննության իրավունքի համար, սակայն այս առումով ևս որևէ գործուն և արդյունավետ ձեռնարկված միջոցառումներ չեն նկատվում»,- մտահոգություն է հայտնում Տիգրան Եգորյանը։

Դիտարկելով հանրային դաշտում առկա կամ նետվող տեղեկատվությունը՝ Տիգրան Եգորյանն ասում է, որ հասկանալի չէ, թե արդյոք պետությունը՝ ի դեմս իշխանության գործադիր, օրենսդիր ու դատական ճյուղերի ունի հստակ պատկերացում այն անհրաժեշտ և առաջնային ձեռնարկվելիք գործողությունների մասին, որոնք կարող են հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել կամ առնվազն ճիշտ ուղու վրա դնել վերը նշված խնդիրների լուծմանն ուղղված համակարգային գործողությունները։

Այս առումով, Տիգրան Եգորյանը կարևորում է կառավարության և ԱԺ-ի ջանքերն ուղղված քաղաքացիական հասարակության հետ իրական բովանդակային, կառուցողական երկխոսություն խթանելուն՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների հարցը։

«Մենք հույս ունենք, որ այս հանդիպումը, այս քննարկումը և նման միջոցառումները կլինեն այն բավարար ազդակն ու հարթակը, որպեսզի պետության և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով սկսվի այն իրական, բովանդակային, արդյունավետ աշխատանքները, որոնք դուրս կբերեն Հայաստանին այն իրավիճակից, որն այսօր առկա է մարդու իրավունքների պաշտպանության, հարգման և ապահովման ոլորտում»,- ասաց Տիգրան Եգորյանը։