Թշնամին կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ
Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, երեկ հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ թիրախավորել է նաև ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` ադրբեջանական կողմից պարբերաբար վերսկսվող կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատանքն ապրիլի 15-ից հետո դադարեցված է:
Արցախ
ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ–ի Մարտունու շրջանում հրադադարի խախտման դեպք է արձանագրել։ Տուժածներ չկան։ Այս մասին ապրիլի 20-ին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ տվյալ փաստերի առիթով հետաքննություն է իրականացնում»,– ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով` Մարտակերտի և Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհով մարդասիրական բեռով ավտոշարասյան ուղեկցում է ապահովվել։