«  Նոյեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Վանո Սիրադեղյան. Մենակը (տեսանյութ)

Վանո Սիրադեղյան. Մենակը (տեսանյութ)

 Այսօր պետական գործիչ, ականավոր գրող, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է:

Վանո Սիրադեղյաը մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին:

Ներկայացնում ենք  հատվածներ նրա խոհերից.

«…Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից:

Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում:

Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի:

Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ:

Եվ հարյուրամյակներ շանունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում նրան հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:

Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ:

Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով` հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա»:

«...Հնարավոր է անգամ, որ երբ մահը մոտ լինի, ապրելու սովորույթը թույլ չի տալու կռահել այդ մասին: Ամեն անգամ խոհանոցի պատուհանից դուրս նայելը խիզախություն էր: Իսկ դուրսը անշարժ արմավենին էր՝ հարեվանի բակում, եվ իր տան պարսպի կուրացուցիչ ճերմակ պատը: Այս ճերմակությունը ինչի՞ համար է: Արեվից երկնքին նայել չի լինում, ծովը կուրացնում է առավել անգութ, ցամաքային այս համատարած ճերմակը մի՞թե նրա համար է, որ տառապանքը կատարյալ լինի: Ծովի մոտիկությունը ոչնչով չէր զգացվում: Հարավային ծովը անապատի շարունակությունն է հեղուկ վիճակում: Դեռ պիտի շնորհակալ լինել ծովին, որ չի խաշում ձկներին ու շպրտում ափ:

... Անապատի անողորմ աստված, դու հո լավ գիտես, որ այստեղ պիտի ծնվեր Փրկչի առասպելը: Այստեղ պիտի ծլեր Դրախտի հույսը, որովհետեվ կլոր տարին ցերեկը դժոխք է, եվ մութը, որ սառը գույնի էր լինելու, տաք է դժոխքի կպրեկարասի նման, եվ օդի շարժումը ոչ թե քամի է, այլ կրակի բոցերի պես լիզում է մարդուս մարմինը: Այստեղ չէր կարող հավատը մոլեռանդ չլինել, որովհետեվ երկրային դժոխքից փրկվելու այլ միջոց չկա՝ մոլեգնորեն փրկություն հայցելուց եվ փրկությանը մոլեռանդորեն հավատալուց բացի: Եւ չէր կարող փրկիչը մարդու տեսքով չլինել, քանի որ ավազուտներում եվ ապառաժների մեջ օգտակար ու ապավեն բան չկա, որը տոտեմի դեր ստանձնելու պիտանի լիներ: Ուղտին չի կարելի ուտել, հեծնել եվ հավատալ միաժամանակ:

Եւ պաշտամունքի առարկան մնում էր էլի մարդակերպը, որը, սակայն, ծնված պիտի լիներ մեզ նման անօգնական: Եւ չիմանար ճանապարհը այն մյուս, իսկական կյանքի: Իսկական, որովհետեվ այս մեկը կարծես թե չստացվեց: Չստացվեց, որովհետեվ չգոյության հակառակը չի կարող տառապանքը լինել: Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, եվ ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետեվ պատիժ չի հասնում անմեղին: Ոչ ոք իր կամքով չի եկել, հետեվաբար, նրա համար չի եկել, որ գնալը լինի ցավագնորեն գիտակցելի: Վերջին հաշվով, կյանքը այնպիսի գին է, որի դիմաց բնությունը չէր կարող հատուցել նենգությամբ: Անցումը դեպի անէություն, ամենաքիչը, պիտի լինի չգիտակցված, ինչպես չի գիտակցվել ծնունդը: Հակառակը կլիներ անտրամաբանական: Հյուլե առ հյուլե տրամաբանված տիեզերական գոյության այս ընթացքի մեջ անտրամաբանական այդ պահը չի կարող լինել: Գոյության վերջի գիտակցում չի կարող լինել, որովհետեվ չի կարող լինել վերջին պահի գիտակցումը: Վերջին պահի գիտակցումը բացառվում է, որովհետեվ դրան պիտի նախորդի նախավերջին պահի զգացողությունը:

Բայց ամբողջ հարցն այն է, որ հենց այդ պահի ընկալումն է անհնար, որովհետեվ ոչ ոք մինչեվ վերջ չի հավատալու վերջին պահի անխուսափելիությանը: «Պիտի որ չհավատա»,-ցածրաձայն ասաց Մենակը: Այդ օրերից մի օրը նա քնից կտրուկ արթնացավ ու հասկացավ, որ նախորդ պահին սիրտը մի երկվայրկյան դադար էր առել: Եւ հասկացավ, որ այդպես է լինում: Դադարը, ժամանակավոր թե հավերժ, չեն զգում: Զգում են դադարից վերադառնալը: Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում եվ չեն զգում գնալը...»:

Վանո Սիրադեղյան