«  Հունիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Վանո Սիրադեղյան. «Շակալների խրախճանքը»

Վանո Սիրադեղյան. «Շակալների խրախճանքը»

Շակալների խրախճանքը

«Երեւի չարժեր չնչին զավզակությանը անդրադառնալով՝ սկսել այս խոսքը, եթե այդ՝ գյադայի տեսակը դարձած չլիներ մեր ժամանակի «հերոսը» - պատգամավորը, մինիստրը, իդեոլոգը... Չգիտես ինչի:
Կարելի էր նաեւ արհամարհել: Տգետին արհամարհելը մտավորական մարդուն սազական զբաղմունք է, մի պայմանով, սակայն, որ քեզ մտավորական են համարում, ոչ թե փալաս: Եւ, որ առավել կարեւոր է, նա, ում հասցեագրված է արհամարհանքդ, առնվազն պիտի իմանա՝ ինչ ասել է մտավորական: Այլապես կստացվի, որ արհամարհել ես, ասենք, 4 համարի տրոլեյբուսին:
Ոչ թե այն իմաստով, որ արհամարհել - տաքսի ես նստել, այլ կողքովդ անցնելիս պարզապես արհամարհել ես ... Տաք է, շարժվում է, ապրում է 60 տարի, այդպես մետաղի ջարդոն կդառնա ու կմտնի ձուլարան, չիմանալով, որ իրեն արհամարհել են: Այնպիսի ժամանակներում, երբ միլիցիայի պաշտոնաթող թաղայինները դառնում են օրենսդիր, իսկ «վետերոկի» վարիչները՝ մինիստր, դժվար թե սրանցից թեթեւակի զզվելու՝ մեր դեմքի արտահայտությունը գնահատվի որպես էսթետի դիրքորոշում: Վախենամ՝ դա ավելի շուտ համարեն գոմիկի երկիմաստ ծամածռություն: Եւ ոնց որ թե իրավունք ունեն խառնելու, որովհետեւ մենք էն գլխից ենք խառնել հասկացողությունները...:

Չի լինում, ու՝ վերջ: Չի լինում հայ մտավորական եւ չինացի մտավորական: Կամ մտավորական ես, կամ չինացի եւ հայ:

... Եթե մեկնումեկը պատերազմի դաշտից շատ հեռու ու տաք մի տեղ խոսում է զենք վերցնելու մասին, բարբաջում է ավտոմատը ձեռքին ՀՀՇ-ի վերադառնալու դեմը առնելու մասին, հասարակության մեջ պետք է գտնվի սրամիտ մեկը, որ հանկարծ «փըշտ» անի, որպեսզի կողքինները պահը վայելեն: Եթե մեկը նրանցից, ովքեր նախկինում իրենց «սպասարկած տարածքում» կաշառք էին վերցնում՝ անգամ մի բանկա ղաուրմայով եւ սուջուխի երկու շարանի տեսքով, ահա այդ մեկին չի կարելի հիմարաբար «չեկիստ» ասել՝ իբր բացասական իմաստով, որովհետեւ սովետական միլիցիոներին չեկիստ ասելը նույն պարգեւն է, ինչ կայարանի համբալին 1 դոլարի փոխարեն 100 դոլար տալը: Չի կարելի նմանին կշտամբել, թե՝ արի քարը փեշիցդ թափի, որովհետեւ օրենսդիր լինելով՝ վայել չէ զենքից-բանից խոսել: Չի կարելի կշտամբել, որովհետեւ, եթե նրա նմանը օրենսդիր է դարձել, նշանակում է դրանից առաջ երկրում այնպիսի մի ազգային աղետ է տեղի ունեցել, որ հիմա օրենքից խոսելը նույնն է, թե քաղաքը ավերած երկրաշարժի հաջորդ օրը կշտամբես քաղաքացիներին, որ փողոցը անցման տեղերով չեն անցնում: Կամ նեղանաս քաղաքապետարանից, որ մյուս առավոտ զիբիլը ժամանակին չի տարել, երբ ողջ քաղաքն է դարձել աղբակույտ:

... Հիմա գյադաների ժամանակն է: Եւ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եւ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի «խրոխտ» մարշով գնան-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան...»։

«Գյադաների ժամանակը»