«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. Ի՞նչ հույս ունեմ

Վարդան Հարությունյան. Ի՞նչ հույս ունեմ

Ի՞նչ հույս ունեմ։ 

Հույս, որին, գուցե, ինքս էլ դեռ չեմ հավատում, բայց ունեմ։ Պետք է որ իրականանա։ Այսօր այս մասին ասել եմ «Ազատություն» ռադիոկայանին։

Հույս ունեմ, որ այս անգամ մեր ընտրողը քաղաքական գործիչներից ու քաղաքական ուժերից վեր կկանգնի։ Քաղաքական գործիչներն ու կուսակցություններն ապացուցել են՝ անպատասխանատու են ու մանրախնդիր։ Ավելի քան ցայտուն սա երեւում է այսօր, այս պատերազմից ու այս սարսափելի պարտությունից հետո։ Կանգ առնելու փոխարեն, վերլուծելու ու հասկանալ փորձելու փոխարեն շարունակում են այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Կարծես մեր պետության լինելիությունը չէ, որ վտանգված է, կարծես մեր սահմանները չեն, որ անպաշտպան են, կարծես մեր երկիրը չէ, որ բզկտվում է։

Ինչպես վարվել են սրանից 3, 5, 10 տարի առաջ՝ այդպես էլ վարվում են այսօր։ Ոչ մի տարբերություն։ Քոչարյանը խոստումներ է շռայլում՝ կգամ, ամեն ինչ կշտկեմ ու կզսպեմ թշնամու ախորժակը։ Փաշինյանը 2018-ի համատեքստում է՝ պայքարում է նախկինների դեմ ու չի հասկանում (չի էլ կարող հասկանալ), որ մենք բոլորովին այլ թվագրությունում ենք ու այս թվագրությունում իր 2018-ը չկա այլեւս։ 

Երկուսն էլ անպատասխանատու են՝ վրեժով ու չարությամբ լցված։ Սրանց համար պետության կործանումը ոչինչ չի նշանակում՝ միայն իրենց վրեժը լուծեն։ Քոչարյանը վրեժ է լուծում Փաշինյանից, Փաշինյանը՝ աշխարհից ու հայ ժողովրդից։ Նրանք կանգ առնել չեն կարող։ Կործանումից հետո էլ են շարունակելու իրար մեղադրել։ 
Այս երկուսի սատելիտների մասին խոսել չեմ ցանկանում, ավելի քան ցածր են, ավելի քան անարժեք ու եղկելի։

Բոլոր նրանք, ովքեր պատասխանատվություն ունեն, պետք է գնան եւ իրենց ձայնը տան Հայ ազգային կոնգրեսին։ Սա իմ կարծիքն ու իմ ցանկությունն է։ Այս կուսակցությունը եւ այս կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը միակն են, որ հասկանում են պահի լրջությունը։ Այս ուժի համար պետությունը եւ մեր պետականության շարունակայկանությունը գերխնդիր է։ Իսկ այլ՝ ավելի կարեւոր խնդիր այսօր լինել չի կարող։

Վստահ եմ՝ Փաշինյանի ու Քոչարյանի օգտին քվեարկելու են հույզերով, սիրով ու ատելությամբ առաջնորդվող ամբոխները։ Թող քվեարկեն։ Նրանց ձեռքը բռնել չի լինի, նրանց խոսք ասել չի լինի։ Հույզերը թույլ չեն տալու, որ նրանք հասկանան ու գնահատեն։ 

Հայ ազգային կոնգրեսի օգտին պետք է քվեարկեն հաշվենկատ, տրամաբանող, մտածող, սառը դատողությամբ առաջնորդվող ընտրողները։ Հայաստանում, վստահ եմ, կա նման ընտրողի, եթե ոչ հոծ, գոնե՝ կուռ ու ոչ թվաքիչ բանակ։ Այս բանակում լինելը խելքի, սառնասրտության, իրատեսության նշան է։ Հույզերով ու ատելությամբ առաջներդվելը թողնենք թույլերին, զգացմունքայիններին ու անհեռատեսներին։

Մենք երկիրը պետք է փրկենք։ Հընթացս նաեւ այս մոլորյալներին, որ հետո մեզ հայհոյեն։
Խնդիր չի, միայն երկիրը փրկվի։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան