Վարդան Հարությունյան. «Խորացող փակուղի»
Ալիք Մեդիա. «...Թվում էր՝ Փաշինյանը կկազմակերպի, կհրավիրի, պայմաններ կստեղծի, որ ելքեր գտնելու ունակ մարդիկ ներգրավվեն երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում։ Պետության շահն առաջնային համարելով՝ մի այնպիսի մթնոլորտ կստեղծի, որ բոլոր կարող ուժերն իրենց ներդրումը կատարելու հնարավորություն կունենան։
Զարգացումները, սակայն, ցույց տվեցին, որ այդ օրերի համընդհանուր անորոշության ֆոնին, երբ բոլորիս հուզում էր ի՞նչ եւ ինչպե՞ս անելը, Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու խնդրով է տարված եղել։ Այլ խնդիր եւ այլ հետաքրքրություն չի ունեցել։ Հակառակ դեպքում կնպաստեր կարող ուժերի ներգրավմանը, այնպիսի քայլեր կձեռնարկեր, որոնց արդյունքում Հայաստանն այսօր կլիներ շատ ավելի ապահով, քան 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին կամ 2021-ի առաջին ամիսներին էր։
Ցավոք, պետական գործչին վայել վարք դրսեւորելու ունակություն նրան տրված չէ։ Չտարբերվեց փողոցում իրեն հայհոյողներից։ Նրանց հետ բանավիճեց, նրանց ընտրեց իրեն ընդդիմախոս ու իր քայլերը նրանցով պայմանավորեց։
Նրան չէին հետաքրքրում ո՛չ փակուղին, որում հայտնվել է երկիրը, ո՛չ էլ երկրին սպառնացող վտանգները։ Առաջնայինն իշխանության երկարաձգումն էր, ինչի համար վճռեց, պահելով վարչապետի լիազորությունները եւ ի դեմս Քոչարյանի ունենալով հարմար մրցակից, գնալ արտահերթ ընտրությունների ու վերահաստատվել։
Լեգիտիմությունը, որ ուներ 2018-ից հետո, պատերազմը ջնջել էր, նոր լեգիտիմություն էր պետք։
2021-ի հունիսի 20-ը տվեց Փաշինյանին այդ լեգիտիմությունը՝ մնաց նա վարչապետի աշխատասենյակում։ Իսկ մեր երկիրը շարունակեց ունենալ իշխանավոր, որը երկրի շուրջը ծավալվող զարգացումները խորությամբ ընկալելու կարողություն չունի, լուծման ենթակա խնդիրները չի պատկերացնում։
Արտահերթ ընտրությունները, որոնք լուծումներ գտնելու համար էին, չծառայեցին իրենց նպատակին։ Տեսնում էինք, գիտեինք, որ նրա ունակությունները չեն ներում, որ բոլոր բնագավառներում տապալվել է, բայց գնացինք ու նրան ընտրեցինք։
Էական չէ արդեն, թե ինչու այդպես եղավ։ Էական է, որ մեր մեծամասնությամբ ընտրել ենք մեկին, ով զարգացումների վրա ազդել չի կարող, ով լողում է հոսանքին համընթաց, երկրի սահմաններից դուրս անուժ է ու հնազանդ՝ երկրի շահը պաշտպանել ու առաջ տանել չի կարողանում, իսկ երկրի ներսում խրոխտ ու միահեծան իշխանավորի վարք է փորձում ցուցադրել՝ չի լսում ու չի ընդունում կողքից հնչող արժեքավոր որեւէ հուշում, առաջարկություն, խորհուրդ ու խոսք, քննադատական խոսքին էլ թշնամաբար է վերաբերվում։
Այսօր մենք ավելի վատ վիճակում ենք, քան 2020-ի տարեվերջին էր։ Այդ օրերի խնդիրները չեն լուծվել, դրանց նոր ու ավելի բարդ խնդիրներ են գումարվել։ Ավելի են սաստկացել երկրին սպառնացող վտանգները՝ հակառակորդը մեր սուվերեն տարածքում է, նորանոր տարածքային պահանջներ է ներկայացնում, մեր բնակավայրերը եւ մեր ճանապարհները նրա թիրախում են, նրա ագրեսիվ ռազմական գործողություններին հակադարձել չենք կարողանում, դիվանագիտական դաշտում նրա ճնշումներին դիմակայել ու հակաքայլեր առաջադրել չենք կարողանում։
Տանուլ ենք տալիս բոլոր ճակատներում։
Փաշինյանի վերընտրված լինելու հանգամանքը, ինչը նրան իշխանավարելու, մեր անունից խոսելու լեգիտիմ իրավունք է ընձեռում, ինքնին խորացող փակուղի է։ Մեր ընտրությունն է փակուղի, որտեղից հաջող ելքերը գնալով ավելի ու ավելի աղոտ են նշմարվում։
Վարդան Հարությունյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: