Զասը գալիս է Հայաստան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը այսօր`մայիսի 27-ին ժամանում է Երևան, հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ինչպես գիտեք` Բիշքեկում կայացած ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ ընդունված որոշման համաձայն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանն է ներկայացվել ԲՀ ԱԽ պետքարտուղարի թեկնածությունը։ Հենց այդ շրջանակում այսօր Հայաստան է այցելելու Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը»,-ասեց Նաղդալյանը:
Զասը հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: