«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Զախարովա. Մոսկվան շարունակում է ակտիվ աշխատանքը Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով

Զախարովա. Մոսկվան շարունակում է ակտիվ աշխատանքը Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով

Արցախի կարգավիճակի վերաբերյալ Երևանի և Բաքվի դիրքորոշումներում սկզբունքային տարբերություններ կան, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա ասել է՝ ստեղծված իրավիճակում Մոսկվան իր դերակատարումը տեսնում է երկու երկրների դիրքորոշումների մոտեցման գործում: Զախարովայի խոսքով՝ այսօր զուգահեռաբար գործում են ինչպես Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, որը այս պահին հստակ արդյունավետություն չի դրսևորում: Մոսկվան նախընտրում է իրավիճակի կարգավորման այն ձևաչափը, որը ձեռնտու է թե՛ Երևանին, թե Բաքվին, և հետևաբար՝ Ռուսաստանին։

«Մենք տեսնում ենք՝ ինչպես են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը մեկտեղվում ԵԱՀԿ Մինսկի խմբի և Եվրամիության համանախագահների ջանքերի հետ։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ մենք հայտարարել ենք, որ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների դիվանագիտական ակտիվությունը գործնականում մեծացել է, ընդ որում՝ կաթվածահար է արել երեք համանախագահների երբեմնի համակարգված աշխատանքը։ Նրանք հրաժարվեցին մեր մասնակցությամբ շփումներից։ Մենք դա պատահական չենք համարել, արձանագրել ենք նաև Բրյուսելի առերևույթ փորձերը՝ ամենաբարձր մակարդակով յուրացնելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների արդյունքները և ԵԱՀԿ համանախագահների անցյալ տարի ներկայացրած օրակարգը»,- նշել է Զախարովան՝ շեշտելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում Մոսկվան  դիտարկում է ամենաբարձր մակարդակով ընդունված եռակողմ համաձայնագրերը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խոսքով՝ Մոսկվան շարունակում է ակտիվ աշխատանքը Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում:

«Մենք ընդգծում ենք երկու կողմերի պատրաստակամությունը՝ միմյանց ընդառաջելու. այս հարցերով նախապատրաստվում են բարձր մակարդակով եռակողմ շփումներ»,-նշել է Զախարովան:

Հիշեցնենք՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ,  պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։