«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

1990-ի օգոստոսի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի առաջնորդ (տեսանյութ)

1990-ի օգոստոսի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի առաջնորդ (տեսանյութ)

1990թ. օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը երկարատև քվեարկությունից հետո ԳԽ նախագահ ընտրեց Լևոն Տեր-Պետրոսյանին: Ընտրություններում Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Մովսիսյանի նկատմամբ:

Նույն օրը Ազատության հրապարակում կազմակերպվեց համաժողովրդական տոնախմբություն, ելույթ ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Օգոստոսի 5-ին նա այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իր հարգանքի տուրքը մատուցելու և ստանալու Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը: Վազգեն Առաջինը շնորհավորեց Տեր-Պետրոսյանին: Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորանքի մեջ ասվում էր.

«Սուրբ Էջմիածնից հղում ենք մեր աղոթքը և մեր օրհնությունը վերածնվող մեր հայրենի հարազատ պետության, անձամբ Ձեզ և Ձեր բոլոր ազնիվ գործակիցներին: Ողջ լերուք զորացյալ սուրբ հոգվով, զի Աստված ընդ մեզ է. Ամեն»:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը կազմավորվել է 1990թ. մեծամասնական ընտրակարգով` երկու փուլով (260 պատգ.) մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Այդ ժամանակ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր։

Նոր խորհրդարանում, որը սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ` կոմկուսը և Հայոց համազգային շարժումը։ Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները։ ԳԽ-ում ստեղծվեցին «Հանրապետություն», «Արցախ», «Լիբերալ-դեմոկրատներ» , «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբերը, ՀՀԴ խմբակցությունը վերափոխվեց պատգամավորական խմբի։

 Խորհրդարանը օգոստոսի 23-ին ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը. որոշում կայացվեց ՀԽՍՀ-ն վերանվանել Հայաստանի Հանրապետություն։ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, և Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նույն թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը։


Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից.

Պատմական օրերից. 1990 թվական, օգոստոսի 4

1990 թվականի մայիս-հունիս ամիսներին ձևավորված Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունները նշանակված էին օգոստոսի 3-ին: ԳԽ նիստը բացելուն պես առաջադրվում են երկու թեկնածու. Կոմունիստական կուսակցության կողմից Վլադիմիր Մովսիսյանը, Հայոց համազգային շարժման կողմից` Լևոն Տեր-Պետրոսյանը: Նախքան քվեարկությունը, երկու թեկնածուները հանդես են գալիս ծրագրային ելույթներով, ապա` պատասխանում պատգամավորների հարցերին:

Չնայած այն հանգամանքին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո գրեթե ոչ ոք չէր կասկածում վերջինիս հաղթանակին, այնուամենայնիվ, ընտրությունների առաջին փուլում, պահանջվող 131 ձայնի փոխարեն, Մովսիսյանի օգտին քվեարկում է 93, իսկ Տեր-Պետրոսյանի օգտին` 110 պատգամավոր: Ուշ երեկոյան տեղի է ունենում քվեարկության երկրորդ փուլը: Մովսիսյանը ստանում է 83, Տեր-Պետրոսյանը` 124 ձայն: Այս անգամ ևս Տեր-Պետրոսյանը չի հաղթահարում անցողիկ շեմը, սական բոլորի համար ակնհայտ է դառնում, որ Կոմկուսի թեկնածուն կորցնում է իր համախոհներին:

Ստեղծված իրավիճակում առաջարկություններ են հնչում նիստը հետաձգելու վերաբերյալ, սակայն պատգամավորների մեծամասնությունը դեմ է արտահայտվում այդ առաջարկներին: Բուռն բանավեճերից հետո որոշում է ընդունվում` առաջադրել նոր թեկնածուներ: Այս անգամ, բացի Մովսիսյանից ու Տեր-Պետրոսյանից, առաջադրվում են նաև Հրաչիկ Սիմոնյանը, Վազգեն Մանուկյանը, Ռաֆայել Ղազարյանն ու Պարույր Հայրիկյանը: Որոշվում է, որ քվեարկության երրորդ փուլը տեղի կունենա հաջորդ օրը` օգոստոսի 4-ին, ժամը 14:00-ին:

Օգոստոսի 4-ի վաղ առավոտից փողոցում հանդիպող գրեթե բոլոր մարդիկ մի անուն են կրկնում` Լևոն Տեր-Պետրոսյան: ԳԽ նիստի բացման ժամանակ հայտարարվում է, որ առաջադրված թեկնածուներ Հրաչիկ Սիմոնյանը, Վազգեն Մանուկյանն ու Ռաֆայել Ղազարյանն ինքնաբացարկ են հայտարարել, ըստ այդմ` քվեաթերթիկում հայտնվում է երեք ազգանուն` Հայրիկյան, Մովսիսյան, Տեր-Պետրոսյան, որոնց օգտին, համապատասպանաբար, քվեարկում է 8, 81 և 123 պատգամավոր: ԳԽ-ն նախապատրաստվում է ընտրությունների հաջորդ` 4-րդ փուլին:

Ըտրությունների 4-րդ փուլում, արդեն, Մովսիսյանի օգտին քվեարկում է 76, իսկ Տեր-Պետրոսյանի օգտին` 140 պատգամավոր: Պահանջված 131-ից 9-ով ավել կողմ ձայներով, 70 տարվա ընթացքում առաջին անգամ առաջադրված այլընտրանքային թեկնածուն` Լևոն Տեր-Պետրոսյանը, պատգամավորների հոտնկայս ծափահարությունների և դրսում գտնվող բազմահազար մարդկանց կողմից «Լևոն նախագահ» վանկարկումների ներքո ստանձնում է ԳԽ նախագահի` ըստ էության` հանրապետության ղեկավարի պաշտոնը: Հաջորդ օրը տեղական և միջազգային լրատվականները, այդ իրադարձությունը մեկնաբանելիս, արդեն իսկ այն ներկայացնում են որպես «պատմական իրադարձություն»:

...Հետհայացք նետելով այդ իրադարձությանն ու հետագա զարգացումներին, աներկբա կարելի է արձանագրել, որ Հայաստանի ինքնիշխանության հիմքը, դե ֆակտո, դրվել է հենց այդ օրը` ԳԽ նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությամբ: Վերջինիս բախտ էր վիճակված ոչ միայն հետագա մեկ տարվա ընթացքում առաջնորդել Անկախության գործընթացը, այլև` ընտրվել նորանկախ Հայաստանի առաջին նախագահ` կրելով Հայաստանի ամենածանր շրջանի` ճգնաժամերի ու պատերազմի աներևակայելի ծանր բեռը: