Ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք

Պաշտոնական 15.11.2021   13:45   278

Հայաստանի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:Ներկայացնում ենք Հայաստանի անվտանգության խորհրդի հայտարարությունը.

«Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից:

Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն»:

«Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա եւ ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաեւ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին»:

«Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում եւ միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ»:

Նշենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ից փակ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Ադրբեջանն այդտեղ մաքսակետ է տեղադրել՝ կիսաշրջափակման մեջ դնելով առնվազն երեք գյուղ. Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերի բնակիչները կանգնել են հումանիտար խնդիրների առաջ: Բարձրավանը երեք օր է՝ փաստացի շրջափակման մեջ է, գյուղի հիմնական՝ անցանելի ճանապարհը, որը միանում է Գորիս-Կապան ճանապարհին, վերջին օրերին չի օգտագործվում:

Նոյեմբերի 15-ին ադրբեջանական կողմը Կապան-Ճակատեն հատվածում անցակետ է տեղադրել:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, ԱԽ նիստ, Հայաստան, ադրբեջանական ագրեսիա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon