Ադրբեջանը շարունակում է փակ պահել Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը

Պաշտոնական 26.08.2021   10:45   146

Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»:

Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղի մոտ, ադրբեջանական զինծառայողները շարունակում են փակ պահել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Այդ հատվածում քաղաքացիական մեքենաներ չկան` տարհանել են բոլորը։ Հիմա ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։ Սպասում ենք` տեսնենք ինչ է լինելու»,-ասել է Արշակյանը։

Մարդու իրավունքների խախտումների փաստերը լիարժեք թույլ են տալիս հիմնավորել, որ ինքնին նրանց ներկայությունը կյանքի, ազատ տեղաշարժման եւ միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների կոպիտ խախտում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը: Դա կոպիտ սխալ է:

Պետությունն այդ կերպ ինքն իրեն դնում է սահմանափակումների մեջ, ստիպված է լինում դիմել միայն միջազգային ռազմաքաղաքական ատյաններ, դառնում է աշխարհաքաղաքական գործընթացների զոհը եւ չի կարողանում պատշաճ պաշտպանել իր բնակչությանը, նրա իրավունքներն ու ազատությունները: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները միայն օգտվում են դրանից:

Ադրբեջանական զինված ծառայողներին մեր գյուղերի մոտից եւ ճանապարհներից հեռացնելու գործողությունների հիմքում պետք է դնել նաեւ մարդու, սահմանային կոնկրետ բնակչի իրավունքների պաշտպանությունը ու այդ հիմքով պետք է օգտագործել միջազգային մեխանիզմները (հատուկ սահմանների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ այլն):

Մարդու իրավունքների խախտումների փաստերը լիարժեք թույլ են տալիս հիմնավորել, որ ինքնին նրանց ներկայությունը կյանքի, ազատ տեղաշարժման եւ միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների կոպիտ խախտում է:

Դա մեր պետությանը, Կառավարությանը հնարավորություն կտա լայնորեն օգտվել մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներից, դիվերսիֆիկացնել այդ մեխանիզմները եւ նաեւ այդ կերպ ուժեղացնել քաղաքական ու ռազմական բաղադրիչները:

Դա հնարավորություն կտա նաեւ պաշտպանել մեր զինծառայողների կյանքի իրավունքը:

Անվտանգություն չի նշանակում միայն քաղաքական ու ռազմական, այն առաջին հերթին մարդու, սահմանային բնակչության անվտանգ կյանքի եւ իրավունքների համար է»,- գրել է Թաթոյանը։

Հիշեցնենք Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։
Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Լրացված.

Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Այս փաստը հաստատվել է  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ԱԱԾ, Գորիս-Կապան ավտոճանապարհ, ադրբեջան, ՄԻՊ Արման Թաթոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon