Անհասկանալի ու զարմանալի է, թե ինչո՞ւ է Արամ Սարգսյանը հիմա վատ զգում

Խոսք 18.05.2021   00:11   677

«Տպավորություն ունեմ,որ բոլորը կռվում են Վազգեն Սարգսյանի կերպարի հետ,որ Վազգեն Սարգսյանը իր մահից 22 տարի հետո էլ քաղաքական գործոն է և մարդիկ մրցակցում են Վազգենի հետ որպես քաղաքական գործոնի և այդ առումով Լևոն Տեր-Պետրոսյանը միակը չէ», - նեղսրտած գրում է Արամ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը։

Նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի հետեւյալ միտքը, որ վերաբերում է 1998թ.իր հրաժարականին, այն է՝ ինքը հրաժարականի որոշում է ընդունել՝  «բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար: Չեմ չափազանցում՝ Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի»։

Բայց այս միտքը Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ ասել է դեռ 1998թ. փետրվարի 3-ի՝ հրաժարականի իր հայտարարության հենց սկզբում.

«Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։ Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը»։

Վերջին իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդամենը իր հրաժարականի զուտ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ դարձրել է ավելի ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ եւ հասկանալի բոլորի համար։ Այսինքն՝ դրանում եղած «երկրի ապակայունացման վտանգը» ոչ այլ ինչ է, քան նույն «քաղաքացիական պատերազմը»։ Իսկ «իշխանության հայտնի մարմիններն» էլ առավել քան հայտնի էին՝ առաջին տեղերում Պաշտանության նախարար Վազգեն Սարգսյան եւ վարչապետ Ռոբերտ Քոչարյան։ Չստացվե՞ց, որ նույն բանը նա ասել է 1998-ին։

Բնական էր մտածել, որ Արամ Սարգսյանը, այս բանը իմանալով է, որ 2007 թվականից իր գլխավորած քաղաքական ուժով դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող հիմնական քաղաքական ուժերից մեկը։ Եւ անհասկանալի ու զարմանալի է, թե ինչո՞ւ է հիմա վատ զգում Արամ Սարգսյանը, երբ ընդամենը նույն միտքն է լսում, ինչն ասվել է 23 տարի առաջ։

Աշոտ Սարգսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, Աշոտ Սարգսյան, Արամ Սարգսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon