Արման Գրիգորյան. «Այս կառավարությունը պետք է անմիջապես հայտարարի արտահերթ ընտրությունների մասին» (տեսանյութ)

Քաղաքական 07.12.2020   12:03   285

Այս պատերազմի հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է ու Նիկոլ Փաշինյանի դիվանագիտությունը, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ամերիկյան Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։

Գրիգորյանի համոզմամբ, Փաշինյանը վարել է նույնքան անպատասխանատու քաղաքականություն, ինչ իր նախորդները։

«Նրանց երիտասարդ լինելը որևէ բան չի արդարացնում։ Նրանք կարող էին, ի վերջո, խորհուրդ ստանալ, խորհուրդ հարցնել, բայց ես շատ լավ գիտեմ, որ նրանք այդ խորհուրդների կարիքը, կարծես թե, չունեին։ Ավելի ճիշտ, կարիքն օբյեկտիվորեն ունեին, բայց իրենց թվում էր, թե չունեն այդ խորհրդի կարիքը, նրանք ամեն ինչ գիտեին։ Հետևաբար, իրենք պետք է ստանձնեն այդ պատասխանատվությունը», - ասաց քաղաքագետն՝ ընդգծելով․ - «98 թվականին մերժելով Տեր-Պետրոսյանի որդեգրած քաղաքականությունը, մերժելով այն ժամանակ ԵԱՀԿ-ի առաջարկած լուծման փուլային պլանը՝ Ռոբերտ Քոչարյանը և նրանից հետո Սերժ Սարգսյանը պատասխանատվություն ստանձնեցին հարցի չլուծվածության համար։ Հարցը կարող էր լուծվել 98 թվականին և չլուծվեց այն պատճառով, որ այդ մարդիկ դեմ դուրս եկան դրան, հետո էլ երբ որ իրենք իշխանության էին, ոչինչ չարեցին, կամ բավարարը չարեցին՝ այդ հարցը լուծելու համար ու ժառանգեցին այն Նիկոլ Փաշինյանին, որը պատրաստ չէր այդ պատասխանատվությունը ստանձնելու, և նա վարեց նույնքան, նույնիսկ ավելի անպատասխանատու քաղաքականություն, ինչ իր նախորդները»։

Օրեր առաջ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոր մտահոգությունն էր հայտնել իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչն, ըստ առաջին նախագահի, «նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի»: Իսկ դա, Տեր-Պետրոսյանի, համոզմամբ, «կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը»։

Առաջին նախագահը միաժամանակ հույս էր փայփայել, որ Նիկոլ Փաշինյանն ու Վազգեն Մանուկյանը, «լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից»: Սակայն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը խորացրել է Տեր-Պետրոսյանի մտավախությունը քաղաքացիական պատերազմի վտանգի մասին։ Մանուկյանը, մասնավորապես ասել էր՝ Փաշինյանը «թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով», կամ որ «շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»: «Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում»,- մեկնաբանում է Տեր-Պետրոսյանը` ընդգծելով. «Եթե սրանք միայն խոսքեր լինեին, ապա դեռ շատ մտահոգվելու կարիք չէր լինի:

Քաղաքագետի գնահատմամբ և՛ս Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շատ լարված է։

«Մեծագույն հիասթափություն կա Փաշինյանի կառավարությունից։ Շատ մարդիկ իրավացիորեն մեղադրում են Փաշինյանին այս աղետի համար, և կրքերը շատ բորբոքված են երկրում, որևէ կասկած այդտեղ չկա։ Տեր-Պետրոսյանի մտահոգությունը միանգամայն արդարացված է։ Այստեղ պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, ես ցիտում եմ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ «եթե նույնիսկ մտադրություններ չունեն այս ներքին հակամարտության կողմերն ինչ-որ անօրինական բաներ անելու՝ իշխանություն զավթելու և այլն՝ բռնի ուժով, որևէ ինչ-որ դեպք կարող է կայծի հետևանք ունենալ, որը կարող է ամբողջ այդ վառոդի տակառը պայթեցնել և դրանից պետք է խուսափել ամեն գնով», - ասաց քաղաքագետն՝ ընդգծելով՝ ընդդիմությունն այստեղ ունի մեծագույն պատասխանատվություն, բայց ավելի մեծ պատասխանատվություն ունի գործող իշխանությունը։

Գրիգորյանի համոզմամբ, իշխանությունների քայլերը կարող են հարաբերականորեն մեղմել իրավիճակը Հայաստանում։

«Ես կարծում եմ, որ նման աղետից հետո որևէ իշխանություն չի կարող հույս ունենալ իշխանությունը պահելու մինչև իր ժամկետի ավարտը։ Այս կառավարությունը պետք է անմիջապես հայտարարի արտահերթ ընտրությունների մասին, ես չեմ ասում, որ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան վաղը, բայց նման հայտարարություն պետք է արվի և դա, իմ կարծիքով, կլիցքաթափի ներքաղաքական իրադրությունը։ Բոլոր քաղաքական ուժերն արդեն կիմանան, որ իշխանափոխության օրինական և Սահմանադրական եղանակն առկա է, այդ հնարավորությունը կա և նրանք կկենտրոնանան ընտրություններին պատրաստվելու վրա և դա, ինձ թվում է, կրքերը կհանդարտեցնի»։

Ամբողջական՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արման Գրիգորյան, Նիկոլ Փաշինյան, Լևոն Տեր-Պետրոսյան, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon