Բաղդասարյան. Իշխանությունների հետ ինչ-որ կերպ առնչություն ունենալը կտրուկ կնվազեցնի այդ ուժի վարկանիշը

Քաղաքական 26.05.2021   13:00   177

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

-Պարոն Բաղդասարյան, սոցիոլոգները նշում են, որ Սյունիքի իրադարձություններն իշխանության վարկանիշի վրա ազդեցություն են ունեցել։ Մյուս կողմից, նշվում է, որ նոր խորհրդարանում, ըստ ամենայնի, 5-6 քաղաքական ուժ ներկայացված կլինի։ Իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։ Առաջիկայում հնարավոր փաստաթղթի ստորագրումը ի՞նչ ազդեցություն կունենա ընտրությունների վրա։

-Այո՛, դրանք կարող են մեծ վնաս հասցնել իշխանություններին, բայց եթե իշխանությունները տեսնեն, որ շատ ծանր հարված են ստացել, որևէ պատրվակով չեղյալ կհամարեն ընտրությունները և դրանք կհետաձգեն։

-Դուք ընտրությունները հետաձգելու նախադրյալներ տեսնո՞ւմ եք։ Նշվում է, որ անգամ ռազմական դրություն հայտարարելու դեպքում, միևնույն է, ընտրությունները չեն կարող չեղարկվել։

-Իսկ այդ նախադարյալները կայի՞ն, որ այսպիսի արդյունքներ արձանագրած իշխանությունը պետք է համարձակվեր ևս մեկ անգամ հայտ ներկայացնել իշխանությունը պահպանելու։ Այսինքն՝ եթե մենք ամեն ինչին տրամաբանորեն նայենք, ապա Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նոյեմբերի 10-ին պետք է ներողություն խնդրեին և հրաժարական տային և սպասեին դատարանի որոշմանը, բայց մենք տեսանք՝ ինչպես են վարվում, տեսանք, թե ինչ են անում հիմա, տեսանք, թե ինչպես են պատրաստվում բոլոր հնարավոր լծակների գործադրմամբ վերարտադրվել։ Դա ակնհայտ երևում է։

-Իսկ ինչպիսի՞ խորհրդարան կունենան։ Նշվում է, որ այս անգամ շատ քաղաքական ուժեր և դաշինքներ կանցնեն խորհրդարան և այլևս «Իմ քայլը» միանձնյա որոշումներ չի կարողանա կայացնել։

-Տեսեք՝ եթե մենք իրադարձություններին նայում ենք այսօրվա տեսանկյունից, կարող ենք արձանագրել երկու փաստ. Առաջին՝ օրվա իշխանությունները չեն կարող ունենալ մեծամասնություն խորհրդարանում, և երկրորդ՝ այն ուժերը, որոնք մեծ շանս ունեն խորհրդարանում հայտնվելու, վստահաբար, որևէ համագործակցության չեն գնա օրվա իշխանությունների հետ։ Սա նշանակում է, որ կամ բոլոր ուժերը միասին կոալիցիա կկազմեն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, կամ ավելի վատ տարբերակով՝ երկիրը ներքաղաքական ցնցումների մեջ կընկնի և հնարավոր են անգամ լուրջ բախումներ։ Այսինքն՝ հանգուցալուծում չի լինում հունիսի 20-ին, ավելի հավանական է, որ երկիրը ցնցումների նոր փուլի մեջ կմտնի։

-Պայքարը ո՞ր քաղաքական ուժերի և դաշինքների մեջ է լինելու։ Քոչարյանը հայտարարում է, որ պայքարը երկու թևերի միջև է լինելու։

-Կարծում եմ՝ խորհրդարանում ներկայություն ունենալու բավականին լավ շանսեր ունեն նաև «Պատիվ ունեմ»-ը, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, ընդ որում՝ լուրջ ներկայություն։ Այդ դեպքում բավականին հարուստ ներկապնակ կստեղծվի, բայց մենք նորից կունենանք պատկեր, որ այդ ուժերից որևէ մեկը չի ցանկանա համագործակցել «Իմ քայլը» դաշինքի հետ, ավելի հավանական է, որ իրենք իրար հետ կհամագործակցեն։

-Ինչո՞ւ։

-Չի համագործակցի, որովհետև այսօր իշխանությունների հետ ինչ-որ կերպ առնչություն ունենալը կտրուկ կնվազեցնի այդ ուժի վարկանիշը։ Բնականաբար, որևէ մեկը չի ցանկանա իրեն կեղտոտել այդպիսի ստվերային կամ բացահայտ համագործակցության մասին խոսակցություններով։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         արտահերթ ընտրություններ, ԱԺ 2021, Արմեն Բաղդասարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon