Արմեն Բաղդասարյան. Ինչ պետք է անել հիմա «ոտնատակ չլինելու» համար

Քաղաքական 11.12.2020   14:00   565

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մենք, իհարկե, դեռ մինչև վերջ չենք գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել այս պատերազմի արդյունքում։ Բայց դա պրոբլեմ չէ․ չենք գիտակցել՝ շատ արագ կբացատրեն։ Արդեն բացատրում են։ Պրոբլեմն այն է, որ մենք չենք հասկացել, թե ինչո՛ւ է այս ամենը տեղի ունեցել։ Այ սա արդեն մեզ չեն բացատրի։ Որևէ մեկին պետք չէ, որ մենք կատարվածի պատճառները հասկանանք, որովհետև եթե հասկացանք՝ էլ նույն սխալները չենք գործի, ու որևէ մեկն այլևս չի կարող մեր սխալների հաշվին իր շահերն առաջ տանել։

Մեզ 25 տարի շարունակ խաբել են ու այսօր էլ են խաբում,  իսկ մենք համառորեն չենք ուզում նայել իրականության աչքերին։ Իրականությունն այն է, որ մենք ամենևին էլ ադրբեջանական նավթին ու նավթադոլարներին չենք պարտվել, ու մեր պարտության պատճառը նավթի բացակայությունը չէ։ Մեր պարտության պատճառը խելքի և հեռատեսության բացակայությունն է։ Որովհետև պատերազմն ու այսօրվա վիճակը մենք կարող էինք կանխել դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջանը ոչ նավթ ուներ, ոչ նավթադոլարներ, ոչ էլ բանակ։ Պարզապես այդքան խելք ու հեռատեսություն չենք ունեցել։ 
Պատճառներից մեկն էլ, ի դեպ, հոգեբանականն էր։

Մենք անգամ 1994-ի հաղթանակից հետո չկարողացանք հաղթողի հոգեբանություն ձեռք բերել։ Մեր հոգեբանությունն իրականում պատահաբար հաղթանակ տարած ցեղասպանվածի ու մազապուրծի հոգեբանություն էր, ու այնպիսի տպավորություն էր, թե մենք մեր հաղթանակի ձեռքը կրակն ենք ընկել։ 25 տարի շարունակ մեր ասածը սա էր՝ հազիվ մի անգամ հաղթել ենք, ի՞նչ զիջում, բա որ ինչ-որ տարածք վերադարձնենք, ու ադրբեջանցիները գան մեզ կոտորե՞ն․․․ Պատկերացնո՞ւմ եք՝ հաղթած կողմի հիմնական մտահոգությունն այն է, որ հանկարծ պարտված կողմը չգա իրեն կոտորի։ Սա պարտվածի հոգեբանությունն է։ Ի սկզբանե պարտվածի։ 

Իսկ նավթ ու նավթադոլարներ, ի դեպ, մենք էլ կարող էինք ունենալ։ Մեզ առաջարկում էին, չէ՞, ինչ-որ խորհրդանշական զիջման դիմաց Բաքու-Ջեյհան նավթամուղը Հայաստանի տարածքով անցկացնել։ Բայց՝ չէ։ Մենք մտածում էինք, որ դեռ 100 տարի կարող ենք զարգանալ շրջափակման պայմաններում, իսկ ադրբեջանցիներից զգուշանալ պետք չէ, որովհետև նրանց պոտենցիալն այնպիսին է, ինչպիսին ներկայացվում է «Կիլդիմ» մուլտիկներում։ Ու նույն զառանցանքն այսօր էլ է շարունակվում՝ «հա դե ոչինչ, հեսա Գառնիի կողմերը նավթ-բան կգտնենք, կգնանք կորցրածը հետ կբերենք»։

Հիմա՝ բանակի մասին։ 

Այս հարցում նույնպես մենք շարունակում ենք ինքնախաբեությամբ զբաղվել, որովհետև այսօր ամենատարածված թեզն այն է, թե մեր բանակը չի պարտվել։ Իրականում պարտվել է, ընդ որում՝ բլից-կրիգում, որովհետև եթե բանակը 26 տարի պատրաստվում է պատերազմի ու դիմադրում է ընդամենը 44 օր, դա հենց բլից-կրիգ է։ Այլ հարց է՝ մեղավո՞ր է այդ պարտության համար բանակը, թե ոչ։ Իհարկե մեղավոր չէ։ Մեղավորը ռազմաքաղաքական ղեկավարությունն է՝ գերագույն հրամանատարի գլխավորությամբ, բայց դրանից պարտության փաստը որևէ տեղ չի անհետանում։
Իսկ ռազմաքաղաքական ղեկավարությունը մեղավոր է, որովհետև․

1․ Բանակի համար չի ապահովել դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ ժամանակակից սպառազինություն, 
2․ Չի իրականացրել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը կբացառեր բանակի՝ տասնապատիկ ավելի հզոր բանակների դեմ պատերազմի հեռանկարը,
3․ Չի կարողացել ձեռք բերել այնպիսի դաշնակիցներ, որոնք նման պատերազմի դեպքում հայկական բանակին թշնամու դեմ մեն-մենակ չէին թողնի։

Պարզ ասած, երկար տարիներ ռազմաքաղաքական ղեկավարությունը բանակի առջև բարդագույն խնդիր է դրել՝ առանց դրա իրականացումը հնարավոր դարձնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի։

Իսկ ի՞նչ պետք է անել հիմա։ Ինֆորմացիոն բաց աղբյուրների տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ մեր կանոնավոր բանակի մոտավորապես մեկ երրորդը շարքից դուրս է եկել։ Ընդ որում՝ խոսքը և՛ անձնակազմի մասին է, և՛ սպառազինության։ Մնացած սպառազինությունն էլ, չնայած թվացյալ հզորությանը, բավականին հնացած է և խոցելի։ Հետևաբար՝ մենք շատ արագ պիտի կարողանանք վերակառուցել բանակը ու համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին։ Ոչ թե կորցրած տարածքները ետ բերելու /այսօր դա իրատեսական չէ/, այլ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական նոր իրավիճակում «ոտնատակ չլինելու» համար։ Ընդ որում՝ դրա համար մենք շատ քիչ ժամանակ ունենք։ Հնարավոր է՝ հաշված ամիսներ։ Տարածաշրջանը «բացվում է», և այդ խնդրի լուծումից է կախված՝ արդյունքում Հայաստանը խաչմերո՞ւկ կդառնա, թե՞ «պրախադնոյ դվոր»։ 

Որքան էլ ցավալի հնչի՝ բայց միայն սեփական ուժերով, հասկանալի է, այս խնդիրը կարճ ժամանակում չենք լուծի։ Այսօրվա իշխանություններն էլ հազիվ թե կարողանան դաշնակիցներ գտնել, որովհետև նրանց միջազգայինն հեղինակությունը ձգտում է զրոյի։ Մնում է համապատասխան եզրակացություններ անենք ու աշխատենք՝ առանց իրականության աչքերին նայելուց վախենալու։ Սա է, մնացածը դատարկ էմոցիաներ են»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         բանակ, Արմեն Բաղդասարյան, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon