Բաքուն ընդունում է գերեվարված 62 քաղաքացու փաստը

Պաշտոնական 20.12.2020   12:39   166

Պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Այս տեղեկությունը ֆայսբուքի իր էջում գրել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Քիչ առաջ ավարտվեց իմ և Սոֆյա Հովսեփյանի հանդիպումը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար»,–գրել է նա։

Պատգամավորը տեղեկացրել է նաև, որ իրենց և Արցախի նախագահի կողմից գերեվարվածների անվանական ցուցակը փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը` ադրբեջանական կողմին տալու համար։

«Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները»,–գրել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Ժիրայր Միրզոյանը նշել էր, որ ադրբեջանցիները դեկտեմբերի 13-ից կանգնել են Մեծ Շենից Հին Շեն գյուղ տանող միակ ճանապարհին՝ հայտարարելով, որ այդտեղ կանգնելու հրաման ունեն։ Երկու գյուղերն էլ գտնվում են Արցախի հսկողության տակ։ Այդ ընթացքում Արցախի զինված ուժերը տեղում լրացուցիչ ուժեր են կուտակել` իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Այնուհետև լուրեր տարածվեցին, որ նրանք գերի են ընկել։

Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատեց, որ ըստ նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։ Հետո հայտնի դարձավ, որ ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։

Դեկտեմբերի 18–ին էլ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի 72 հոգանոց կամավորականների խումբն Արցախից ճանապարհվել է դեպի տուն։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, ԼՂ, Ռուստամ Մուրադով, Հայաստան, գերեվարվածներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon