Գերմանիայում ՀՀ դեսպանը խնդրում է չտրվել որևէ սադրանքի

Պաշտոնական 27.07.2020   12:30   247

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված մարտական գործողություններն իրենց արձագանքն են ստացել աշխարհի բազում երկրներում, այդ թվում և Գերմանիայում: Արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր:
Հրկիզվել է ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունը՝ խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգոնություն և չտրվել որևէ սադրանքի։

Յուրաքանչյուրիդ խնդրում և հորդորում եմ չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին, ինչն էլ սադրիչների հետապնդած նպատակն է։

Խնդրում եմ նաև տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ։ Այս իրավիճակում մենք պետք է լինենք առավելագույնս հավասարակշռված և զգոն, համադրենք բոլորիս ջանքերը մեր հայրենիքի հզորացման անշեղ գործում։

Մեր ընդհանուր խնդիրն է գործել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրության շրջանակներում։

Դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ մշտական կապի մեջ լինելով Գերմանիայի պատկան մարմինների, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գերմանիա, հայեր, Աշոտ Սմբատյան, Գերմանիայում ՀՀ դեսպանություն, Հայ-ադրբեջանական սահման, դեսպանություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon