Գուտերեշը Երևանին և Բաքվին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

Պաշտոնական 05.12.2020   14:20   129

 Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները, ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տարածված հայտարարությունում:

«Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների դեկտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ: Նա ողջունում է հրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը` Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն և կոչ է անում բոլոր նրանց, ում դա վերաբերում է, շարունակել իրենց հանձնառությունների կատարումը, հատկապես այն դրույթներով, որոնք վերաբերում են միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքներին»,- ասված է հայտարարությունում:

Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է արձագանքել հակամարտության բոլոր շրջաններում հումանիտար պահանջմունքներին և անհրաժեշտության դեպքում ընդլայնել Հայաստանին և Ադրբեջանին հասցեագրվող ընթացիկ օգնությունը: Նա կոչ է անում բոլոր համապատասխան կողմերին լիարժեք համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության կառույցների հետ՝ ապահովելու նրանց անարգել հասանելիությունը։

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար: Նա կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և ժողովուրդներին կանգնել երկխոսության ուղու վրա՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը»,- նշված է հայտարարությունում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         լ ԵԱՀԿ ՄԽ, ԼՂ, Անտոնիո Գուտերեշ, ՄԱԿ, Հայաստան-Ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon