«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. «Դուք վիժեցրել եք բանակցային գործընթացն ու պետությունը ներքաշել եք պատերազմի մեջ»

Հարութ Ուլոյան. «Դուք վիժեցրել եք բանակցային գործընթացն ու պետությունը ներքաշել եք պատերազմի մեջ»

Արդարացնելու համար թե´ պատերազմը, թե´ ներկայումս Հայաստանի սահմաններում, հատկապես` Սյունիքում, տեղի ունեցող իրադարձությունները, Փաշինյանն ու ՔՊ-ական ներկայացուցիչները քանի ամիս է գլխավորապես թմբկահարում են 2 թեզ:

1. Նրանց կողմից պարբերաբար հիշատակվում է 2010 թվականին ՀՀ ԱԺ կողմից ընդունված մի օրենք, ըստ որի` Սյունիքի մարզի վարչական սահմաններից արևելք «համարվում է» Ադրբեջանի տարածք:
Շատ լավ: Իսկ դրա մասին նո՞ր եք իմացել: Երբ 2018 թվականին «նախկիններին» հակադարձում էիք «Աղդամը մեր հայրենիքն է» և նմանատիպ այլ թեզերով, բա նույն այդ ժամանակ ներկայումս ձեր կողմից թմբկահարվող օրենքն ինչո՞ւ չեք չեղարկում: Տանեիք նույն ԱԺ ու հանրությանը «բացահայտեիք», թե ինչ խայտառակ օրենք են ընդունել «նախկինները», իսկ դուք` չեղարկում կամ «ուժը կորցրած եք» ճանաչում դա: Չգիտեի՞ք այդ օրենքի մասին: Այսինքն` պատերազմից հետո եք քջջել անցյալը, որպեսզի սեփական արկածախնդրությունն «արդարցնող» ինչ-որ փրփուր գտնեք, որից հնարավոր կլինի կառչե՞լ: 

2. Նույն ոգևորությամբ տարածում են նաև այն թեզը, թե դեռևս 2017 թվականին Սերժ Սարգսյանն է խոսել այն մասին, որ բանակցությունները փակուղում են, և որ լավատեսություն չկա այդ հարցում:
Կրկին. նո՞ր իմացաք այդ մասին: 2018 թվականին, երբ իշխանություն էիք վերցնում, չգիտեի՞ք այդ հայտարարության մասին: Բա ո՞նց էիք իշխանություն վերցնում: Ու, ընդհանրապես, ո՞նց եք դուք բանակցային գործընթաց ժառանգել: Այո, դուք չեք ժառանգել: Մերժել եք: Հրապարակայնորեն եք մերժել: Սեփական նախապայմաններն եք դրել: Ու հիմա ամենաանբարոյական կերպ եք ձեզ դրսևորում: 
Եթե ձեզ թեկուզ մինչև անցած տարվա սեպտեմբերի 27-ը «հիշեցնեին» Սերժ Սարգսյանի տվյալ հայտարարությունների կամ 2010 թվականի օրենքի մասին և ձեր դիրքորոշումը ճշտեին դրանց վերաբերյալ, դուք ցինիկ ժպիտով էիք արձագանքելու, պնդելով, որ դուք «մերժել» եք «նախկիններին» և ամեն ինչ «սեփական կետից» եք սկսել:

Թե´ 2010 թվականի օրենքի, թե´ Սերժ Սարգսյանի հայտարարությունների թմբկահարումը կարող էր ընկալելի լինել միայն մի պարագայում. երբ դուք 2018 թվականին, գալով իշխանության, ժողովրդի հետ ուղիղ տեքստով խոսեիք բանակցային գործընթացի մասին, ներկայացնեիք իրերի դրությունը և պատրաստակամություն հայտնեիք` շարունակել բանակցությունները փոխզիջման գնալու շուրջ: Այո, այս կոնտեքստում դուք կարող էիք նաև քննադատել «նախկիններին», որ նրանք տարիներ շարունակ իրենց քաղաքականությամբ հյուծել են երկիրն ու թուլացրել մեր դիրքերը բանակցային գործընթացում, հավելելով, որ այնուամենայնիվ ունենք այն, ինչ ունենք. հաշվի նստելով իրողությունների հետ` գնալ հնարավորինի, այլ ոչ թե` ցանկալիի հետևից:

Բայց դուք, իրականում, ուղղակիորեն վիժեցրել եք բանակցային ողջ գործընթացն ու պետությունը ներքաշել եք պատերազմի մեջ: Ավելին, դուք անցած տարվա հուլիսին տավուշյան «հաղթանակից» հետո այնքան էիք ոգևորվել, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերին ոչ միայն մտահոգված չէիք, այլև` ձեռքերը շփշփացնելով Շահումյանն էիք ազատագրում; «լավ լուրեր գիտենք, բայց չենք ասի» երգելով ադրբեջանա-թուրքա-պակիստանա-ահաբեկչական բանակ էիք զգետնում ու ջախջախում; խաղաղապահների թեման էիք ցինիկաբար մերժում ու ձեռ առնում; իսկ «Իլյուշային» էլ խուճապի մեջ էիք գցում:
Ու հիմա եկել 2017 թվականի Սերժ Սարգսյանի հայտարարություն ու 2010 թվականի օրենք եք թմբկահարում: 

Ո՞նց եք դուք քնում: Ո՞նց եք զարթնում: Ո՞նց եք ձեզ հայելու մեջ նայում:

Հարութ Ուլոյան