Հարութ Ուլոյան. Քաղաքական նպատակներով արվող խեղաթյուրումները

Խոսք 07.12.2019   12:00   687

1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո ստացվող օգնության թալանի մասին խոսացողները, այդ թալանը ՀՀ առաջին իշխանություններին վերագրողները այն աստիճանի են ամեն ինչ խեղաթյուրում, որ «ստիպված» են լինում «չհիշել», թե ինչպես էր այդ ողջ օգնությունը թալանվում նախքան Հայաստան մուտք գործելը, այն էլ` դեռ ԽՍՀՄ տարիներին: 1989, 1990, 1991 թվականների գրեթե ողջ ընթացքում դեպի Հայաստան մեկնող հազարավոր գնացքները, որոնց զգալի մասը նաև շինտեխնիկա և այլ օգնություն էր տեղափոխում աղետի գոտի, ամբողջովին թալանվում էին Ադրբեջանում, կամ ընդհանրապես մուտք չէին գործում Հայաստան: Իրավիճակն այն աստիճանի էր հասել, որ Հայաստանում գտնվող արտասահմանցի մասնագետները պարապուրթի էին մատնվում` շիտեխնիկայի բացակայության պատճառով:

Այդ տարիներին Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող հիմնական ճանապարհներն անցնում էին Ադրբեջանի տարածքով, Հայաստան մուտք գործող ապրանքների 85 տոկոսը գալիս էր Ադրբեջանի տարածքով: Գազամատակարարումը` նույնպես: Արցախի հարցի զարգացումների հետ կապված և Հայաստանում համաժողովրդական շարժումը ճնշելու համար, Մոսկվայի թողտվությամբ, Ադրբեջանը հենց այդ տարիներից իսկ պարբերաբար ամիսներով կատարյալ շրջափակման էր ենթարկում Հայաստանը:

Երկրաշարժից հետո Հայաստանում գտնվող ԽՍՀՄ ղեկավար Գորբաչովը հեռուստատեսությամբ ապշած վրդովմունք էր հայտնում, որ աղետի գոտի այցելության ժամանակ իրեն հարցեր էին ուղղել ոչ թե երկրաշարժի մասին, այլ` Արցախի հարցի կարգավորման: Նույն այդ ժամանակ դեպքեր են գրանցվել, որ Հայաստան շինտեխնիկա ու մթերք տեղափոխող թալանված գնացքների վագոնների վրա ադրբեջանցիները գրած են եղել «Շնորհավորում ենք»:

Ու հիմա շատերը ոչ միայն այս ամենը «չեն հիշում», այլև` թալանը վերագրում են նորանկախ Հայաստանի իշխանություններին: Հասկանալի է, որ «օտարից ճնշված» լինելու բարդույթն ամեն գնով պետք էր հաղթահարել, բայց դա հաղթահարվել էր Արցախյան փայլուն հաղթանակներով, և դրանից հետո շարունակվող վերագրումներն արդեն բարոյական հարթություն են տեղափոխվում: Առավել ևս` քաղաքական նպատակներով արվող խեղաթյուրումները:

Հարութ Ուլոյան

Հիշեցնենք, 1988 թվականի դեկտեմբերին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները ձերբակալվել են և պահվել Մոսկվայի տարբեր բանտերում։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հարութ Ուլոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon