Հայկ Հարությունյանի մահվան դեպքի քրգործով ՔԿ-ն գրություն է ուղարկել «Hayeli.am» և «Armlur.am» կայքերին
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մասին հրապարակումների վերաբերյալ ՔԿ-ն գրություն է ուղարկել «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագրություն:
«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկվել «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ. ախր, Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար»,- հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Մամուլում Հայկ Հարությունյանի ու գլխավոր դատախազի միջև «խոսակցության» մասին ևս տեղեկատվություն է տարածվել, որին արձագանքել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ Գլխավոր դատախազը երբևէ Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել:
Հիշեցնենք, Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր առանցքային վկայի կարգավիճակով:
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Թարմացված
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․
«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»: