Հրանտ Մաթևոսյան. Ո՞ւր է խարիսխդ: Խարի՛սխդ

Հասարակություն 02.01.2021   14:00   245

Գիտե՞ս ինչ, կյանք է՝ և մի ակնկալիր անփոթորիկ ծով. և եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է:

Ո՞ւր է խարիսխդ: Խարի՛սխդ…

Կաղ, կուզ, գեղեցիկ, ճաղատ, ծիծաղելի, մռայլ, սուտ անկոտրում, սուտ հանդիսավոր, դժգո՜հ, անվերջ դժգոհ, ուրա՜խ, անմտության չափ ուրախ բանաստեղծների քո տոհմը, ծաղրածուների այդ մեծ ընտանիքը հիմա ամբողջ աշխարհով մեկ արև է փռում, արևի մեջ սամիթի բույր է փռում, ծիրանի ծառ է տնկում, լուսին է օծում, հմայիլի աղոթքով փափկեցնում է մարդու ժանիքները, իմաստավորելով մահը՝ լռին գերեզմանատներ է դնում արևի տակ, իմաստավորելով ծնունդը՝ ուրախության բաժակներ է փշրում, աղավնիներ ու աստղաթիռներ է շպրտում երկինք, հավերժելու տարտամ ցանկությունը դարձնում է հայրենիքի կարոտ, փառաբանում է հացի լինելը և փառաբանում է հացի չլինելը, տղամարդ-ավազակներից շինում է հայր-ավանակներ և արևային երկիրը լցնում է մոլոր արահետներով ու բարի ավանակներով, բանաստեղծների այդ տոհմն ահա աղուտ հարթավայրը դարձրել է Արարատյան դաշտ,– և մարդիկ խմբավորվում են ըստ արհեստների և չկա խմբավորման մի այլ կերպ. և թող սուրբ լինի բանաստեղծների քո ընտանիքը, որի հոգնած նահապետի ճանապարհն այստեղ, այս բլրի տակ իր տան դռանը փակեցին զինվորական գործի մարդիկ ու պահանջեցին. «Անցաթուղթ: Բանաստեղծ-մանաստեղծ չեմ հասկանում, անցաթուղթ»:

Նա նահապետ էր, բայց բանաստեղծների քո նահապետն էր և միայն քոնը:

Բանաստեղծների քո տոհմն ահա կախաղանների տակից խեղկատակորեն աչքով է անում, սխալմամբ բանտ է նստել և քմծիծաղով սպասում է թե հիմա թյուրիմացության համար ներողություն են խնդրելու, ատրճանակ բռնել չգիտե և գնում է մենամարտի, Հիտլերի ականջն ի վեր մրջյունի ձայնով գոռում է՝ թե ինքը համաձա՜յն չէ նրա կարծիքին և ունի բոլորովին այլ տեսակետ, կապում է կործանված կամուրջները և չի նկատում, որ իր ետևից քանդելով գալիս են նույն կործանողները, կախաղանի տակից շփոթ ժպիտով նայում է քեզ՝ թե հիմա կհասկանան իրենց սխալը և սխալն էլ մարդկային է, ոչինչ:

Հաղթած բանակների գեներալները պարտված բանակների գեներալներին չեն կախում, այլ նստում են նրանց հետ հացի և որովհետև բանակային օրապահիկը չի բավականացնի խնջույքին՝ հաղթած բանակի գեներալները շանսատակ են անում իրենց բանակի բանաստեղծներին:

Հեռավոր ուղերթի վարորդները իրարու ողջունում են զվարթ շչոցով ու ձախ ձեռքի զուսպ բարձրացմամբ՝ հայտնելով միմյանց ողջ տեսնելու ուրախության և նույն սիրո մասին առ իրենց արհեստը: Թշնամական ռմբակիրները հանդիպակաց սլացքով գնում են քարուքանդ անելու թշնամական քաղաքները և նույն երկնքի մեջ չեն բախվում մեկմեկու: Այդպես:

Արարատի մոտ ահա արև ու անձրև է թափվում և կանաչ-կարմիր է կապել ծիածանը. այդ նշանակում է, որ արև-անձրևից դենը կա մի գյուղ, երեխաները, խմբով, չարչարում են մի ավանակի, խմբով՝ բալի մի ծառ են պոկել ու տարել գետափ ուտելու և լողալու, հարյուր հոգով քչփչում են թե ցամաք ձորում մի կին մոռացել է իր ներքնաշորը և ամբողջ գյուղով մեկ ծղրտում են, թե Ահմադը ցամաք ձորում Գյուլի շորերը հանե՜լ է,– իսկ աթարի դեզի մոտ գետնին գամվել է վիզը բարակ մի տղա, խոշոր աչքերով շոյում է ծիածանը և լացը գալիս է, որովհետև ծիածանը ծնվում է աննկատ և մեռնում է անշշուկ:

Իսկ իր ճակատին ծիածանի ցոլքի դեմ գրած է անջնջելի գրով, թե նրա ճանապարհը փակելու են կախաղանը, խելագարությունը և ինքնասպանությունը, և դա անխուսափելի է, քանի որ բանաստեղծի նրա հիվանդությունը տոհմական է:

Ինչպես գեներալները չեն սպանում գեներալներին և հեռավոր ուղերթի վարորդները ողջունում են միմյանց, մեռնող ծիածանի տակով այդպես շշնջա քո տոհմի այդ երեխային՝ թող սուրբ լինի քո սրտի դողը և ընդունելի լինի մատաղի գառան քո վիզը: Եվ իմացած եղիր, որ ամենահզորը քո աստվածությունն է, որովհետև խոստովանանքի բառը հնչում է միայն քո աստվածության տաճարներում:

Հրանտ Մաթևոսյան

Հատված «Մեծամոր» էսսեից

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հրանտ Մաթևոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon