Ինչի՞ց է վախենում Քոչարյանը. նա հրաժարվում է ՍԴ-ին ուղղված իր դիմումներից

Քաղաքական 25.06.2020   15:00   862

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի Սահմանադրական դատարան ուղղված իր դիմումներից։ Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նրա պաշտպան Արամ Օրբելյանը։

«Այսօր առավոտյան Քոչարյանի հետ վերջնական քննարկել ենք ու որոշել ենք հետ վերցնել մեր` ՍԴ տված դիմումները։ Հիմա փաստաբան Արամ Վարդևանյանը դիմում է գրում, որ հետ վերցնենք մեր` դեռ մեկ տարի առաջ ՍԴ ներկայացրած երկու դիմումները` ուղղված քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համապատասխանելիությանը Սահմանադրության 72, 73, 78 և 79 հոդվածներին»,–ասաց Օրբելյանը։

Հիշեցնենք, որ  հունիսի 22-ի Սահմանադրական դատարանը հրատապ աշխատակարգային նիստ էր հրավիրել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննությունը վերսկսելու նիստի օր նշանակելու համար։ Որոշում է կայացվել դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը։

Քոչարյանի փաստաբանական թիմը Սահմանադրական դատարանում վիճարկում էր 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, որը վերաբերում է Քոչարյանի անձեռնմխելիությանը։ Այդ հարցով Սահմանադրական դատարանը դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։ Երկու կառույցների խորհրդատվական կարծիքն էլ արդեն ուղարկվել են։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։

Ըստ այդմ, վաղվանից ուժի մեջ կմտնեն փոփոխությունները, համաձայն որոնց՝ Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի նախագահ, բարձր դատարանի 9-հոգանոց կազմից կհեռանան այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ  Քոչարյան, ՍԴ, սահմանադրական փոփոխություններ, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon