Կարեն Լազարյան. «Հետընտրական Գորիսի իշխանությունը պետք է լինի կոալիցիոն՝ առանցք ունենալով մեր քաղաքական ուժը»

Կարևոր 04.10.2021   21:00   3568

Կարեն Լազարյան. «Հետընտրական Գորիսի իշխանությունը պետք է լինի կոալիցիոն՝ առանցք ունենալով մեր քաղաքական ուժը. սա է համայնքը ներկա խառնակ վիճակից դուրս բերելու միակ ուղին»

Նախընտրական քարոզարշավի մասին «Սյունյաց Երկիրը» զրուցել է Կարեն Լազարյանի հետ, ով գլխավորում է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախընտրական ցուցակը Գորիս համայնքում:

-Պարոն Լազարյան, նախընտրական քարոզարշավի առաջին տասը օրը հետեւում է մնացել. Ձեր տպավորությունները կամ դիտարկումները կուզենայինք իմանալ:

-Մեր կողմից ամեն ինչ արվել եւ արվում է, որ քարոզարշավն ընթանա նախընտրական ծրագրերի մրցակցությամբ, համայնքային խնդիրների, գաղափարների շուրջ քննարկումներով ու բանավեճերով, բայց… Մինչեւ հիմա մեր մրցակից ուժերը չեն կարողանում դուրս գալ վարչական ռեսուրսը բաժանելու-վերաբաժանելու տրամաբանությունից, այդ «վերմակն» իրենց վրա ձգելու համառ ձգտումից:

Մի կողմից յուղոտ պատառ է համայնքային վարչական ռեսուրսը, մյուս կողմից՝ հանրապետության գործադիր իշխանության տեղական կառույցների, տարածքային իշխանության ենթակա մարմինների ռեսուրսը:

Այդ ամենի հետ մեկտեղ՝ նախընտրական քարոզարշավը վեր է ածվել միջթայֆայական, միջկլանային պայքարի:

Եվ, իհարկե, խոստումներ, խոստումներ… Ու եթե հավատալու լինենք այդ խոստումներին, ապա ամեն բնակավայրում կլինի չորս-հինգ վարչական ղեկավար, մանկապարտեզի երեք վարիչ, դպրոցի երկու տնօրեն: Թիմերից մեկը նույնիսկ նախընտրական ցուցակից երկու հոգու է համայնքապետի պաշտոնը խոստացել, մի հոգու էլ Մեղրու մաքսայինի պետի պաշտոնը նվիրելու հավաստիացում տվել…

Եվ այդ խոստումներում, «մարտական» գործողություններում ամեն ինչի մասին խոսում են, բացի Գորիսին ու գորիսեցուն մտահոգող հարցերից:

Այնպես որ՝ միակ ուժը, որ կանգնած է վերթայֆայական դիրքերում եւ որի գլխավոր նպատակը Գորիսին ու գորիսեցուն անկեղծորեն ծառայելն է՝ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունն է:

Միակ ուժը, որ ընտրողին ներկայացել է իրատեսական, հիմնավորված նախընտրական ծրագրով՝ մեր քաղաքական ուժն է:

-Եվ ուրեմն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ հոկտեմբերի 17-ի գորիսյան ընտրության ելքը մեծ չափով կախված կլինի վարչական ռեսուրսի՝ երկու թիմի միջեւ բաշխվածության աստիճանից, հայտնի երկու կլանի միջեւ մրցակցությունից:

-Երկու գործոնն էլ, անպայմանորեն, էական դեր կարող են խաղալ, եթե, իհարկե, ընտրողն առաջնորդվի ոչ թե Գորիսի ընդհանրական շահերով, այլ՝ ինչ-որ մարդկանց անձնական կամ խմբային շահերով:

Բարեբախտաբար, Գորիսում հիմա շատ են մարդիկ, ովքեր հիասթափված են միջխմբային՝ տարիներ շարունակվող եւ Գորիսին միայն պրոբլեմներ հարուցող «ռազբորկաների» նոր զարթոնքից: Եվ դա էապես  կանդրադառնա քվեարկության ընթացքին:

-Մամուլից տեղեկություն ստացանք առ այն, որ հանրապետության պետական մեքենան՝ իր ողջ հզորությամբ, լծվել է Գորիսի նախընտրական գործընթացներին:

-Նախ՝ մի ճշտում. ոչ թե պետական մեքենան, այլ իշխող քաղաքական ուժի վերնախավը. դրանք տարբեր հասկացություններ են:

Վերջին օրերին Գորիսում երեւացել են Տիգրան Ավինյանը, Անդրանիկ Քոչարյանը, ինչ-որ մի պատգամավոր՝ երբեմնի գեներալ, եւ այլք:

Այդ մարդկանց Գորիսում չեն ճանաչում եւ նրանց այցին նշանակություն չեն տալիս, ու, բնականաբար, նրանք ընտրողներին որեւէ բան ասել չեն կարող:

Նրանց այցը, կարծում եմ, ընդամենը վարչական ռեսուրսը մոբիլիզացնելու խնդիր է ունեցել, հո՞ չեն կարող գալ եւ շարքային մարդկանց հետ Գորիսի կացությանը կամ զարգացմանն առնչվող խնդիրներ քննարկել:

Մյուս կողմից՝ մեր պատգամավորը, ով ստանձնել է իշխող ուժի գորիսյան թիմի քարոզարշավի կազմակերպչի դերը, ըստ երեւույթին, չի կարողանում ընտրողներին համոզիչ խոսք ասել: Մեքենաների շարասյուներով քաղաքի փողոցներով երթեւեկելն այլեւս ու շատ վաղուց տպավորություն չի թողնում…

-Ձեր քաղաքական թիմն էլ, որքանով տեսնում ենք, հայտնվել է այդ երկու ուժի արանքում. իշխող ուժի ներկայացուցիչները հետեւողականորեն քարոզում են, թե Դուք Առուշ Առուշանյանի, ասել է թե՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Վահե Հակոբյանի ջրաղացին եք ջուր լցնում, իսկ վերջինս էլ քարոզում է, թե իբր «Քաղաքացիական պայմանագրի» շահերն եք ծածուկ պաշտպանում: Լուրեր են տարածում նաեւ, թե Դուք այս կամ այն թիմի քվեներից եք բաժին ստանալու:

-Նորից թույլ տվեք մի փոքրիկ ուղղում անել. մենք չենք հայտնվել այդ երկու ուժի արանքում, մենք մեր տեղում ենք: Գուցե հենց նրա՞նք են հայտնվել բանականության ճանապարհին...

Մյուս կողմից՝ եթե որեւէ մեկը գլխապտույտի մեջ է ընկել եւ կարծում է, թե մենք այլ ուժերից ենք ձայներ պոկելու, ապա չարաչար սխալվում է: Փառք Աստծո, գորիսեցիների քվեները դեռեւս որեւէ թիմ կամ գերդաստան չի սեփականաշնորհել, եւ այդ քվեները որեւէ մեկի հայրական սեփականությունը չեն: Մենք ստանալու ենք այն ընտրողի քվեն, ով մեզ հավատում եւ վստահում է:

Մնացյալը ծանոթ հնարք է՝ քաղաքական դաշտը ներկայացնել (բացառապես) իբրեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ պայքարի ասպարեզ, ինչը, հավատացեք, չի արտացոլում գորիսյան իրականությունը հատկապես համայնքի ավագանու ընտրության շեմին:

Բայց Ձեզ ավելի կոնկրետ պատասխան տամ՝ Սյունիքում եւ հատկապես Գորիսում չի եղել, չկա ու չի կարող լինել մի ուժ կամ բեւեռ, որ կարողանա մեր քաղաքական թիմը ծառայեցնել իր խմբային կամ անձնական շահերին:

Մեր քաղաքական ուժին իր շահերին կարող է ենթարկել միայն ու միայն Գորիսի ընտրողը՝ հավաքական տեսքով:

Այդ մենք կարող ենք ուրիշներին ծառայեցնել մեր թիմին, քանզի մեր շահը նույնական է Գորիսի ընդհանրական շահին:

Ավելին ասեմ՝ հետընտրական Գորիսի իշխանությունը պետք է լինի կոալիցիոն՝ առանցք ունենալով մեր քաղաքական ուժը. սա է համայնքը ներկա խառնակ վիճակից դուրս բերելու միակ ողջամիտ ուղին:

-Իսկ ի՞նչ հիմքեր ունեք այդպես մտածելու համար:

-Իրավիճակն այնքա՜ն պարզ է…

Իշխող քաղաքական ուժի գորիսյան թիմի հաղթանակի պարագայում՝ ավագանին եւ համայնքի գործադիր իշխանությունը հազիվ զբաղվելու են հայտնի պատգամավորի՝ Գորիսի հետ աղերս չունեցող խոստումների կատարմամբ, նրա համախոհներին աշխատանքի տեղավորելով:

Մի ուրիշ խնդիր էլ ունի այդ թիմը՝ Երեւանին ապացուցել, որ Գորիսում կարող է առանց մարզպետի համայնքապետ ընտրել…

Բայց գորիսեցի ընտրողը չի մոռացել՝ պարոնը երկու անգամ արժանացել է մեր վստահությանը եւ խորհրդարան մտել: Ու երեք տարվա ընթացքում խորհրդարանում ծպտուն անգամ չի հանել գորիսյան բազում խնդիրներից գոնե մեկի մասին:

Ինչ վերաբերում է «Ա. Առուշանյան» դաշինքին… Արդեն առիթ եմ ունեցել ասել՝ նա Գորիսի ընտրված համայնքապետն է, եւ նոր ավագանին համայնքապետ ընտրելու խնդիր չի ունենալու առայժմ: Ասել եմ նաեւ՝ հոկտեմբերի 17-ի քվեարկության արդյունքը որեւէ անդրադարձ չի ունենալու անազատության մեջ գտնվող մեր տղաների շուրջ ընթացող դատական գործընթացներին:

Այդ դաշինքի հաղթանակը ձեռնտու է միայն այն պատգամավորին, ով իր արկածախնդրությամբ Առուշին դուրս բերեց չարչարանաց ճանապարհ:

Մեղրիից, Քաջարանից, Կապանից ու Սիսիանից դուրս մղված այդ պարոնը փորձում է Գորիսը հերթական անգամ դարձնել արկածախնդրությունների պլացդարմ՝ գործող իշխանությունների դեմ պայքարելու համար, ինչն անթույլատրելի է:

-Եվ, ակնհայտ իրողությունները մի կողմ թողած, Ձեր մրցակից երկու թիմն էլ շարունակում է խոստումներ տալ ընտրողին:

-Մեր մրցակից թիմերի հանդեպ որոշակի հարգանք ունենալով հանդերձ՝ գտնում եմ՝ նրանք, անշուշտ, խոստումներ տալու իրավունք ունեն՝ նախընտրական պայքար է… Պարզապես նրանք (մեղմ ասած) սպառել են խոստումներ տալու բարոյական ռեսուրսը:

Երկու թիմն էլ իշխանական էին ու են. ե՛ւ ժամանակ, ե՛ւ հնարավորություն ունեցել են, թող անեին այն, ինչ հիմա խոստանում են:

Բացի այդ, տեսեք՝ թիմերից մեկը տեւական ժամանակ Գորիսը ներքաշել է գործող կառավարության դեմ պայքարի հորձանուտ՝ շրջանցելով Գորիսի, գորիսեցու կարծիքը, շահերը:

Իսկ մենք ասում ենք՝ երկրի կառավարիչների դեմ ճակատ բացելու ժամանակն անցել է, եկել է առկա խնդիրները լուծելու, արարելու ժամանակը: Ու առանց կառավարության աջակցության համայնքային որեւէ խնդիր հնարավոր չի լինելու լուծել:

Այնուհետեւ. խոստովանենք՝ իշխող քաղաքական ուժի գորիսյան թիմն էլ չունի խոստումներ տալու բարոյական ռեսուրս:

Մայիսի 12-ից սկսած, նաեւ դրանից առաջ, թուրքը ներխուժել է մեր համայնքի վարչական տարածք՝ Սեւ լիճ, Որոտան եւ Շուռնուխ, Քարահունջի այգիներ, շրջափակել է մեր ճանապարհները… Չեն էլ ասում, թե ինչպես այդ ամենը հաջողեցին թուրքերը, երաշխիք էլ չեն տալիս, թե հակառակորդը նոր քայլեր չի ձեռնարկի մեր ուղղությամբ:

Ստեղծված իրավիճակում Գորիսում կա մի ուժ, որ մարդկանց աչքերին ուղիղ նայելով՝ ողջամիտ եւ իրատեսական ծրագիր է առաջարկել՝ Գորիսն այս վիճակից հանելու համար:

Այդ ուժը «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունն է՝ գորիսյան իր թիմով:

-Մեր նախորդ զրույցում Դուք անթույլատրելի համարեցիք զրպարտության եւ կեղծիքների տարափը սոցցանցային տիրույթում: Բայց քարոզարշավի այդ ձեւը, կարծեք, շարունակում է զգալ տալ իրեն: Եվ Ձեր թիմը ոչ միշտ է հակադարձում:

-Ի՞նչ հակադարձենք… Ինչ-որ մեկը, օրինակ, ում մեծ պապին Նժդեհը կախաղան է հանել Գորիսի «բուլվարում»՝ թուրքին զենք մատակարարելու համար, այսօր փորձում է ՀԱԿ-ին մեղադրել ազգային արժեքներից օտարված լինելու մեջ:

Պատմական վավերագրե՞ր հրապարակեմ…

Ինչ-որ մեկն էլ համառորեն քարոզում է՝ եթե այսինչը եւ այնինչն ազատության մեջ լինեին, ապա թուրքը Որոտանում չէր լինի, Սեւ լիճն ու Շուռնուխն ազատագրված կլինեին եւ մեր զորքերը նորից դիրքավորված կլինեին Հորադիզում:

Հակադարձե՞մ...

Մյուսն էլ համառորեն փորձում է Գորիսում իրականացվող պետական սուբվենցիոն ծրագրերը ներկայացնել իբրեւ սեփական միջոցներով կամ իրենց բարեհաճությամբ կատարվող աշխատանքներ:

Ասում են նաեւ՝ չլինեինք մենք, Գորիսի գյուղերում սերմացու չէին բաժանի աշնանացանի այս օրերին՝ ամեն ընտանիքի 300 կիլոգրամ:

Ասում են՝ մենք ենք Գորիսի արեւելյան սահմանների երկարությամբ խրամատներ պատրաստել պատերազմի օրերին, բայց եւ չեն ասում, թե ինչու այդ խրամատները զրո նշանակություն ունեցան, երբ թուրքը մտավ Գորիսի վարչական տարածք:

Գրագետներից մեկն էլ՝ մոռանալով, որ Գորիսը հինգ  հազար տարեկան է, ասում է՝ մենք ենք վերջին տարիներին Գորիսը կառուցել եւ ոչ մեկին չենք տա:

Հակադարձե՞մ…

Մեր կարծիքով դրանք պարզունակ մանիպուլյացիաներ են եւ գորիսեցուն հերթական անգամ խաբելու, ծաղրելու ամոթալի փորձեր, ինչը դատապարտում եմ եւ անթույլատրելի համարում:

Վաղուց լրջանալու եւ անկեղծանալու ժամն է...

-Վերջերս մամուլում հրապարակում եղավ տեղամասային հանձնաժողովների ձեւավորման ժամանակ նկատված ինչ-ինչ ապօրինությունների մասին: Ի՞նչ է պատահել:

-Տեղի է ունեցել անօրինականություն:

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի 18 տեղամասային հանձնաժողովում ունեցած իր երկուական տեղը նվիրել է իշխող քաղաքական ուժի գորիսյան թիմին: Ընդ որում՝ համապատասխան լիցենզիա ունեցող գորիսեցիների փոխարեն Սիսիանից են մարդիկ բերել եւ համալրել տեղամասային հանձնաժողովները՝ հիմքում դնելով «հավատարմությունը»:

Այդ ամենն առնվազն նշանակում է, որ թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովն իրեն դուրս է դրել օրենքի տիրույթից:

Եվ ողջամիտ հարց է առաջանում՝ թիվ 34 տարածքային հանձնաժողովն ու տեղամասային հանձնաժողովները կկարողանա՞ն գործող օրենքի սահմաններում՝ հոկտեմբերի 17-ին, Գորիս համայնքում կազմակերպել ավագանու ընտրություն:

-Ու ի՞նչ քայլեր եք ձեռնարկում կամ ձեռնարկելու այդ օրինազանցության հետեւանքները վերացնելու համար:

-Նախ՝ ակնկալում ենք, որ Սլավիկ Դադաշյանի գլխավորած թիվ 34 տարածքային հանձնաժողովն ամբողջ կազմով հրաժարական կտա, որ կչեղարկվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների այն անդամների լիազորությունները, ովքեր պետք է նշանակվեին տարածքայինի կողմից, բայց պարտադրվել են կողքից:

Եթե թիվ 34-ն իր մեջ այդքան ուժ չգտնի, ապա ակնկալում ենք Տիգրան Մուկուչյանի եւ ընդհանրապես ԿԸՀ-ի միջամտությունը:

Սակայն, եթե ԿԸՀ-ն նույնպես չկարողանա մեր տարածքային ու տեղամասային հանձաժողովները բերել օրինականության տիրույթ, ապա հոկտեմբերի 18-ին (գործող օրենքի համաձայն) ձայների վերահաշվարկ կնախաձեռնենք բոլոր տեղամասերում:

-Պարոն Լազարյան, չենք կարող անտարբեր անցնել մի մտահոգիչ երեւույթի կողքով նույնպես՝ Գորիս քաղաքում յուրօրինակ գրոհներ են սկսված քարոզչական պաստառների դեմ, ի՞նչ անել:

-Նման երեւույթի ականատես եղանք նաեւ Աժ վերջին ընտրությունից առաջ, եւ որեւէ հանցագործ պատասխանատվության չենթակվեց…

Ամոթ է, դատապարտում եմ այդ երեւույթը, մեզ՝ գորիսեցիներիս, սազական չէ այդ ամենը:

Հոկտեմբերի 17-ից հետո էլ բոլորս ապրելու ենք այս համայնքում եւ չպետք է զրկվենք միմյանց աչքերի մեջ նայելու հնարավորությունից...

Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ դպրոցական տարիքի երեխաներից (ինչ-որ մարդկանց ջանքերով) խմբեր են ձեւավորվել, որոնք էլ զբաղված են գովազդային պաստառների աղավաղմամբ կամ ոչնչացմամբ:

Իրավապահ մարմիններից կոնկրետ գործողություններ ենք ակնկալում այդ ուղղությամբ:

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

Լուսանկարի կենտրոնում՝  Կարեն Լազարյանը


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սյունիք, Գորիս, ՏԻՄ ընտրություններ, Կարեն Լազարյան, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon