Լևոն Զուրաբյան. Վանո Սիրադեղյանը պետք է հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում. Sputnik Արմենիա

Կարևոր 17.10.2021   20:16   944

Վանո Սիրադեղյանը պետք է հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Մենք համարում ենք, որ եթե մեր պետությունը գտնվի իր բարձունքի վրա, ապա համապատասխան գործողություններով պետք է ապացուցի, որ գնահատում է պետական գործիչների վաստակը։Մասնավորապես Վանո Սիրադեղյանն իր վերջին տեղը պետք է գտնի Կոմիտասի անվան պանթեոնում, և դա պետք է անի պետությունը»,–ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահի խոսքով` ինքը դեռևս չգիտի, թե այս տարիներին որտեղ էր գտնվում Վանո Սիրադեղյանը։

«Անցած ավելի քան 20 տարիների ընթացքում կապ պահել ենք, և դա եղել է շատ կոսպերատիվ։ Դուք գիտեք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով նա, ըստ էության, սկսեց հետապնդվել իշխանությունների կողմից և դարձավ քաղաքական հալածյալ։ Չցանկանալով դառնալ քաղաքական «ռազբիրատների» քավության նոխազ, նա մեկնեց երկրից և այդ հալածանքներից, անարդարություններից թաքնվեց»,–ասաց նա։

Զուրաբյանի խոսքով`այս տարիներին Սիրադեղյանի հետ իրենց կապը եղել է նամակագրության տեսքով։
Բացի այդ, Սիրադեղյանը միշտ ՀԱԿ համագումարներում ընտրվել է գործող վարչության անդամ և ճակատագրական պահերին ազդեցություն գործել կուսակցության որոշումների վրա։

«Մասնավորապես, 2010 թվականին, երբ իշխանությունները մի փոքրիկ ճգնաժամ էին առաջացրել կուսակցության ներսում, այդ ժամանակ նա դիմեց կուսակցության անդամներին նամակով, որով մեծ դեր խաղաց այդ ճգնաժամի լուծման համար։ Այդ թվականին իշխանությունը կարողացել էր ստեղծել մի խումբ, որի նպատակն էր չեզոքացնել Հայոց համազգային շարժման հեղափոխական գործունեությունը»,–ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահի խոսքով`Վանո Սիրադեղյանն իր մտերիմ ընկերն էր, որի հետ շփվել են 1988–ից սկսած։

«Դրվագներ են եղել, որ նա մեր տանն է թաքնվել կոմունիստական իշխանության ռեպրեսիաներից։ Երկար ժամանակ կարողացանք սովետական իշխանություններին և «ԿԳԲ»–ին ձախողված պահել։ Իսկ եթե դուրս գանք ընկերական կապի շրջանակներից, ապա Վանո Սիրադեղյանն ականավոր գրող էր, որն իր ուրույն տեղն է զբաղեցրել մեր գրականության մեջ։ նա գագաթներից մեկն է եղել և կարող էր դառնալ շատ ավելի մեծ գագաթ, եթե չընդհատվեր իր գրական գործը քաղաքականությամբ»,–ասաց նա։

Ինչ վերաբերվում է քաղաքականությանը, ապա Զուրաբյանը վստահ է` Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից մեկն էր։

«Նրա գործը, նրա դերը Հայաստանի Հանրապետության կայացման, Լեռնային Ղարաբաղում մեր հաղթանակի գործում անուրանալի է։ Նա լեգենդար գործիչ էր։ Կան քայլող առասպելներ, որոնց շուրջ ձևավորվում է հազարավոր մարդկանց բանակ, որոնք պատրաստ են իրենց հրամանով, հորդորով անել ամեն ինչ։ Այդպիսի մարդկանց շնորհիվ են կայանում պետություններ, կերտվում հաղթանակներ։ Ես ճանաչում եմ երեք այդպիսի մարդ. Լևոն Տեր–Պետրոսյան, Վազգեն Սարգսյան և Վանո Սիրադեղյան»,–ասաց նա։

Լևոն Զուրաբյանը վստահ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շանս ուներ և դարձել էր նման մի լեգենդ, երբ 2018 թվականին «թավշյա հեղափոխությունն» իրականացրեց, բայց հետագայում իր կառավարման ձախողումը, նվաստացուցիչ պարտությունը նրան դարձրին հակալեգենդ, և, ըստ էության, այդ լեգենդը կարելի է համարել վախճանված։

Զուրաբյանը նաև հավելեց, որ Սիրադեղյանի հայրենիք վերադառնալու հարցով դիմել է ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանություններին, սակայն ապարդյուն, կողմերից ոչ մեկը քայլեր չի ձեռնարկել։ Զուրաբյանը կրկին ընդգծեց, որ Սիրադեղյանի դեմ հարուցված քրեական գործը շինծու էր, քանի որ նա մրցակից էր, որից պետք էր ազատվել։

Հիշեցնենք` կյանքի 75–րդ տարում հոկտեմբերի 15–ին մահացել է ՀՀ պետական, քաղաքական, հասարակական, գրական, ազգային գործիչ, հրապարակախոս  Վանո Սիրադեղյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վանո Սիրադեղյան, Լևոն Զուրաբյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon