Լիբանանի արտգործնախարարը երախտիքի խոսք է հղել գերեվարված Մարալի ազատ արձակվելու առթիվ

Աշխարհ 11.03.2021   19:00   98

Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Վեհբեն երախտագիտության խոսք է հայտնել Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատ արձակման ու Լիբանան վերադարձի ուղղությամբ ջանքեր ներդրած կառույցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային գործակալությունը:

«Վեհբեն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել Նաջարյանի ազատ արձակումը, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը, Ադրբեջանին և Հայաստանին»,- ասվում է ազգային գործակալության հրապարակման մեջ:

Մարալ Նաջարյանն ադրբեջանական բանակի կողմից գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Մարտի 10-ին Մարալն ազատ է արձակվել և վերադարձել է Լիբանան։

Ադրբեջանի ԱԳՆ-ն մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտնել է, թե «ներկայումս Ադրբեջանում չեն պահվում հայկական ծագմամբ կանայք».

«Ցանկանում ենք նշել, որ Նաջարյանը նախընտրել է վերադառնալ ոչ թե Հայաստան, այլ Լիբանան:  Հարկ է նշել, որ ռուսական կողմի հետ քննարկումների արդյունքում չի հաջողվել Նաջարյանին ուղարկել Ռուսաստանի տարածքով, քանի որ նա Լիբանանի քաղաքացի է: Ուստի Նաջարյանը Լիբանան է ուղարկվել Թուրքիայով: Ցանկանում ենք նաև նշել, որ ներկայումս Ադրբեջանում չեն պահվում հայկական ծագմամբ կանայք»,- հավաստիացրել է Լեյլա Աբդուլաևան:

Նշենք նաև՝ այսօր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ Ադրբեջանում ենթադրաբար դեռ 3 հայ կին գերի կա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Արցախ, Լիբանան, Շարբել Վեհբեն, Մարալ Նաջարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon