Մադոյան. Վերջին 6 ամսում գրանցվել է մինչև 4 տարեկան երեխաներին ՄԻԱՎ-ի փոխանցման 7 դեպք

Պաշտոնական 03.09.2020   18:30   168

Հայաստանում ընթացիկ տարվա մարտ ամսից մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման 7 դեպք է գրանցվել՝ մինչև 4 տարեկան երեխաների շրջանում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը:

«Սա վերջին 5 տարվա մեջ աննախադեպ է: 7 դեպքն էլ տեղի է ունեցել 2019 թ. և ավելի վաղ ժամանակահատվածում: Այժմ ստեղծել ենք աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է այդ հարցը: Փորձում ենք հասկանալ, թե ինչ պատճառով են այդ 7 դեպքը տեղի ունեցել և ինչու են նախկինում այդ դեպքերը բաց թողնվել, որովհետև չի կարող լինել պատճառ, որ տարիներ շարունակ 2-3 դեպք է արձանագրվում և հանկարծ կես տարվա մեջ՝ 7 դեպք։ Մենք կգտնենք պատճառը և հանրությանը կներկայացնենք, թե ինչն էր դրա հիմքում»,- նշեց Մադոյանը։

2020 թվականին ՄԻԱՎ-ով ախտորոշված երեխաներից 3-ը 1 տարեկան են, ծննդաբերությունը եղել է 2019 թվականին, հղիությունը՝ 2018-2019 թվականներին, այդ հղիներն ինչ-որ կերպ այդ ժամանակ ուշադրությունից վրիպել են:

Մադոյանը շեշտեց, որ իր բացթողումներից էլ է, քանի որ դա ոչ միայն ՁԻԱՀ-ի կենտրոնի գործն է, այլև՝ համակարգի, մասնավորապես, հղիների խնամքի։

«Ունենք 2 տարեկանը լրացած 1 երեխա, 3 տարեկանը լրացած՝ 2, ևս 1 փոքրիկ 5 տարեկանը լրացած: Այս բոլոր դեպքերով մենք փորձում ենք հասկանալ՝ ինչու է այդպես եղել և հետագայում խնդիրները վերացնենք»,- ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը։

Հայաստանում 2020 թվականին մինչև հուլիսի 31-ը կատարվել է 60 հազար ՄԻԱՎ-ի հետազոտություն, նշեց ովհաննես Մադոյանը:

«Մինչև հիմա դեպքեր են լինում մահվան, քանի որ ուշ են ախտորոշվել, ախտորոշվել են այն փուլում, երբ օգնելն անհնարին է լինում։ Վերիջն 8 ամսում ունեցել ենք 35 մահվան դեպք։ Մահացածների մեջ երեխաներ չկան, 20-29 տարիքային խմբից մահացել է 3 հոգի, 30-39 տարեկանում՝ 8 հոգի, 40-49՝ 9 հոգի, 50-59 տարիքային խմբում 11 հոգի է մահացել, 60-69 խմբում՝ 3, մեկ հոգի էլ 15-19 տարեկան խմբում ունենք»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՄԻԱՎ, Հովհաննես Մադոյանը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon