Մարտի 1-ին սպանվածի մայր. «Քոչարյանը պետք է պատասխանատվության ենթարկվի նաև մարդասպանության հոդվածով»

Մարտի 1 23.07.2019   10:30   781

ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթը կասեցնելու և կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին դիմելու Սահմանադրական դատարանի որոշման դրդապատճառներին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց.

 «Մոտենում էր օգոստոսի 20-ը, և Հրայր Թովմասյանը կա՛մ պետք է որոշում կայացներ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, որով ինքը պարզապես կթաղեր Հայաստանի սահմանադրական արդարադատությունը, կա՛մ իր ձեռքերով պետք է թաղեր Ռոբերտ Քոչարյանին: Ուստի Հրայր Թովմասյանը, իր իսկ խոսքերով ասած, ձիու քայլ է կատարել և ուղղակի գործը իր վրայից գցել է մեկ այլ՝ միջազգային մարմնի վրա»:

Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանը ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելու ո՛չ լիազորություն է ունեցել, ո՛չ դա անելու իրավական հիմքեր կան, և ոչ էլ տրամաբանական էր այդ քայլը: Մեր զրուցակիցը հավելեց, որ Հրայր Թովմասյանը իր վերջին հարցազրույցով ավելի վատացրեց իր վիճակը.

«Եթե ինքը շատ է ուզում՝ ես կարող եմ խորհուրդ տալ նրան, թե որտեղից ինքը ստանա այդ կարծիքը: Այս պարագայում Հրայր Թովմասյանը ընդամենը մեկ բան է արել. ասել է՝ կներես, Ռոբերտ Քոչարյան, ես քո գործը քննողը չեմ»:

Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայր՝ Ալլա Հովհաննիսյաննը կարծում է, որ ՍԴ-ն ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին է դիմել ժամանակ շահելու և պատասխանատվությունը իր վրայից գցելու համար:

«Ես կարծում եմ, որ միանշանակ՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, և ոչ միայն սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, այլև մարդասպանության: Եթե չլիներ ժողովրդի վրա կրակելու Ռոբերտ Քոչարյանի հրամանը, իմ երեխան այսօր հաստատ ողջ կլիներ. եթե այդ հրամանը չկատարեր իքս մարդը, կկատարեր մեկ այլ մարդ, իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը այդ հրամանը չտար, հաստատ մեր երեխաները ողջ կլինեին»:

Ավելին՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արմեն Խաչատրյան, ՀԱԿ, Վենետիկի հանձնաժողով, ՄԻԵԴ, Տիգրան Խաչատրյան, Մարտի 1-ի գործ, ՍԴ, Ալլա Հովհաննիսյան, Ռոբերտ Քոչարյան, Հրայր Թովմասյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon