«Մայիսի 9-ին հանդիպում եղավ Բաքվում»․ Կազիմիրովը փակագծեր է բացել 90–ականներից

Արցախ 11.12.2020   19:29   736

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը 1994 թ.-ին հրաման է տվել ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։ Հայաստանը համաձայնել է միանալ ավելի ուշ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած տեսակամրջի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ՌԴ նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

Կազիմիրովի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում միջնորդությամբ սկզբում փորձել է զբաղվել Իրանը, սակայն դա եղել է 1992թ. մայիսի 7-ին։ Երկու օր անց Շուշին ընկավ, և իրանցիները դադարեցրին իրենց ջանքերը։

«Մինչ այդ` 1991թ.–ի սեպտեմբերին, Ելցինն ու Նազարբաևն այցելել էին հակամարտության գոտի (Երևան, Բաքու, Ստեփանակերտ, Գյանջա)։ Սեպտեմբերի 23-ին նրանք խորհրդակցություն են անցկացրել Ժելեզնովոդսկում։ Այնտեղ հրադադարի փորձ է եղել, բայց չափազանց հետաձգված (հրադադարը պետք է լիներ հաջորդ տարվա սկզբին)։ Նման ժամկետներն անիրագործելի են։ Ավելի ուշ աշխատանքն ընթացել է երկու ճանապարհով՝ ռուսական միջնորդություն և Մինսկի խումբ»,-ասաց Կազիմիրովը։

Կարճաժամկետ հրադադարի հաջողվել է հասնել ռուսական միջնորդության շրջանակներում։ Մոտ 10 նման դեպք է եղել, ամենաերկար զինադադարը՝ երկարաձգումներով, տևել է 50 օր (1993թ. աշնանը)։

«Վերջիվերջո հենց Ռուսաստանը, ոչ թե Մինսկի խումբն է իր ձեռքը վերցնում կողմերի հանդիպման հարցը։ Մայիսի 9-ին հանդիպում եղավ Բաքվում և ես, որպես միջնորդ, ստիպված եղա զանգել թե՛ Երևան, թե՛ Ստեփանակերտ և կարդալ կրակի դադարեցման մասին տեքստը, որը պատրաստել էի»,-ասաց Կազիմիրովը։

Ներկա էր Հեյդար Ալիևը։ Նա հանձնարարեց պաշտպանության նախարար Մամեդովին ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։

«Հետո Հեյդար Ալիևն ինձնից պահանջեց, որ աշխատեմ Հայաստանի մանակցության ուղղությամբ։ Ես ինչպես կարող էի` համոզում էի Ալիևին, որ այդ «համարը չի անցնի», ես գիտեմ հայերի կոշտ դիրքորոշումը, նրանք դրան չեն գնա։ Պարզապես հարգանքից դրդված` ստիպված եղա զանգել և մոտ մեկուկես ժամ անց հանկարծ Հայաստանից համաձայնություն է գալիս։ Հայաստանը պատրաստ է միանալ այն հրադադարին, որը ձևակերպված է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև»,-ասել է Կազիմիրովը։

Հենց այդ կերպ ի հայտ եկավ «եռակի» հրադադարը՝ հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ։ Այն տարիների Ռուսաստանն առաջինը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես հակամարտության կողմ։ Դա, նրա խոսքով, չի նշանակում Ղարաբաղը ճանաչել որպես պետություն, բայց կասկած չկար, որ այն հակամարտության կողմ է։ Լեռնային Ղարաբաղը սեփական Զինված ուժերն ուներ, հրամանատարությունը և այդ ԶՈւ-ի կողմից վերահսկվող բավականին մեծ տարածք։ Առկա էին հակամարտության կողմի բոլոր նշանները։

Բայց այդպիսիք չուներ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը։ Եթե ադրբեջանցիները ծառայում էին, ապա դա անում էին Ադրբեջանի բանակում։

«Նրանց վերահսկողության տակ ինչ-որ սեփական տարածք նույնպես չկար»,-նշեց Կազիմիրովը։

Նա ասաց նաև, որ հակամարտության կողմ Լեռնային Ղարաբաղը փաստացի ճանաչվել է նաև ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում: Այնտեղ չեն հիշատակվում կողմերը, միայն մի տեղ խոսվում «հակամարտության բոլոր կողմերի» մասին։

«ԵԱՀԿ-ն կարծես խոստովանում էր, որ հակամարտությանը երեք կողմ է մասնակցում»,-նշեց Կազիմիրովը։

Ինչ վերաբերում է արևմտյան գործընկերների դիրքորոշմանը, ապա նրանք սկզբում պարզապես արհամարհում էին հրադադարը։ Ավելի ուշ սկսեցին «կրակի դադարեցման ուղղությամբ աշխատելու» կոչեր հնչել։ Բայց աստիճանաբար արևմտյան երկրները ճանաչեցին հրադադարը, որին հաջողվել էր հասնել Ռուսաստանի օգնությամբ։

Այժմ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի փոխգործակցությունը Ղարաբաղի հարցում բացառիկ է։ Բնավ այնպիսին չէ, ինչպես շատ այլ հարցերում։

Կազիմիրովի խոսքով՝ պետք է ամեն կերպ աջակցել Մինսկի խմբի շրջանակներում փոխգործակցությանը, չնայած Ռուսաստանի դերին և խաղաղապահների տեղակայմանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր-Պետրոսյան, Վլադիմիր Կազիմիրով, ԼՂ, Արցախ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon