«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Փիրուզա Մելիքսեթյան. ՈՒրացման մանիֆեստ

Փիրուզա Մելիքսեթյան. ՈՒրացման մանիֆեստ

ՈՒրացման մանիֆեստ (երբ «հայրենիքը» հռչակվում է թակարդ)

Իսկ դուք գիտեի՞ք, որ Հայաստանի ողջ ժամանակակից պատմությունը, մեր նահատակների սուրբ զոհողությունը, 
1988-ի համազգային զարթոնքն ընդամենը «ճակատագրական սխալ» ու «որոգայթ» են եղել։                
Ես չգիտեի։                                                                         
Իմացա՛։ Որտեղի՞ց։ Ժանգոտ ֆալցետի աբսուրդային ու ցինիկ դերասացությունից, ինչը մեկ անվանում ունի՝ պետականության հիմնարար գաղափարի ապամոնտաժում:

Պարզվում է՝ երբ հայ զինվորը սարերում արյուն էր թափում, նա ոչ թե Հայրենիք էր պաշտպանում, այլ «թակարդ» էր լարում սեփական ժողովրդի համար։ 
Երբ Հայաստանի ու Արցախի հրապարակներում միլիոնավոր մարդիկ «Մի՜-ա՜-ցու՜մ» էին որոտում, նրանք ոչ թե արդարություն էին տենչում, այլ «ճակատագրական սխալ» էին գործում։
Ճի՛շտ է՝ ասվածն իրականում անմեղսունակություն է ու բացահայտ հիմարություն։

Բայց սա՛ է 2026-ի մայիսի 8-ին Սյունիքի բարձունքից ու Կոռնիձորի շեմից մեզ մատուցված նորօրյա «ճշմարտությունը»։ 
Եթե Ղարաբաղյան շարժումն ու Արցախի գոյությունը հռչակվում են «թակարդ», ապա նույն տրամաբանությամբ վաղը «թակարդ» կհայտարարվի ցանկացած բան, որը պահանջում է պաշտպանություն, զոհողություն կամ պատասխանատվություն։

Հստակեցնենք՝ ի՞նչ է «որոճում» Կոռնիձորից ճառող սույն բենեֆիցիանտը։

Ըստ նրա՝ մեր տեսակը 1991-ից ի վեր ապրել է «թակարդում», իսկ ազատագրված հայրենիքն ու արժանապատվությունն ընդամենը «զարգացմանը խանգարող» հանգամանքներ են եղել։

Լսե՛ք այս տողերը, որտեղ ամեն բառը մի-մի հարված է մեր պետականության հիմքերին.
«Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար։ Մենք շատ դժվար ճանապարհով ենք գնացել և դժվար արձանագրումներ ենք արել, դրանից ամենադժվարը եղել է այն, որ մեր պետությունը իր ստեղծման առաջին օրից՝ 1991 թվականից, գտնվել է թակարդում: Մենք այսօր մեր պետությունը թակարդից հանել ենք և դրել ենք բոլորովին այլ՝ զարգացման տրամաբանության վրա:
Մենք հաղթահարել ենք մաքառման, գոյատևման տրամաբանությունը և դուրս ենք եկել զարգացման տրամաբանություն: 
Սուտ է, մինչև 2020 թվականը չի եղել խաղաղություն, ամեն տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին ունեցել ենք զոհ և վիրավոր, մենք երբեք չենք ունեցել խաղաղություն: Մենք մեզ խաբել ենք, թե կարող ենք Ղարաբաղի հարցը լուծել այնպես, ինչպես հեռուստացույցներով մեզ ասել են, դա եղել է ամենամեծ սուտն ու կեղծիքը:
Մեզ խաբել են, թե մենք Ղարաբաղի համար ենք վատ ապրում, դա սուտ է եղել, իրենք իմացել են, որ սրա հետևանքը ծանր է լինելու»:

Փաստորեն, ըստ «ֆալցետի», մաքառելն ու գոյատևելը սխալ էր, իսկ հանձնվելն ու ուրանալը՝ «զարգացման տրամաբանություն»։

Բայց սա դեռ սկիզբն է։ 
Հաջորդում է սոցիալական նախանձի ու պառակտման ամենաէժան քարոզը.
«Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»։

Սա ասում է մի մարդ, ով Արցախի հայաթափումից հետո փորձում է հայաստանցուն ու արցախցուն թշնամացնել հաշվապահական թվերով՝ սեփական դավաճանությունը քողարկելով «թանկ թոշակի» մասին առասպելներով։

Եվ վերջապես՝ ցինիզմի գագաթնակետը, որը հնչում է որպես հոգեգարի զառանցանք.
«Էսօր ինչ խոսում են, ասում են՝ բա Ղարաբաղը, բա Արցախը։ 
Բա Ղարաբաղը, բա Արցախը։
Բա Ղարաբաղը, բա Արցախը։
Նախորդ շրջանում էլ՝ ինչ խոսել ենք, ասել են՝ բա Ղարաբաղը, բա Արցախը։
Բա Ղարաբաղը, բա Արցախը։
Բա Ղարաբաղը, բա Արցախը։
Վերջում ինչ պարզվե՞ց։ Ասում են՝ հող ենք կորցրել։
Էդ հողը ինչո՞վ ա մերը էղել։ Մի հատ բացատրեք՝ ինչո՞վ ա մերը էղել։ 
Ինչո՞վ ա մերը էղել։
Ընդեղ դպրո՞ց ենք կառուցել, մանկապարտե՞զ ենք կառուցել, ընդեղ ապրե՞լ ենք։ Մի հատ բացատրեք՝ ինչո՞վ ա մերը էղել։
Մերը չի՛ էղել։ Մերը չի՛ էղել։
Ոչ միայն մերը չի էղել, այլև օգտագործվել ա նրա համար, որ Հայաստանն էլ մերը չլինի։ Ես պատասխանատու ասում եմ՝  իրականությունն էն ա, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն ա։ Որովհետև դուք տեր եք ՀՀ-ին»։

Այս մեջբերումը ոչ թե սովորական տեքստ է, այլ ուրացման լպիրշ «բենեֆիս», որի ենթատեքստից բացահայտ դավաճանության գարշահոտ է փչում, ինչը նշանակում է՝ հող նախապատրաստել հաջորդ հանձնումների համար։

ՈՒ եթե վաղը թշնամին պահանջի Սյունիքի մի գյուղ կամ Տավուշի մի բլուր, սույն բենեֆիցիանտը նույն ֆալցետով հարցնելու է՝ «իսկ ինչո՞վ էր դա մերը, որտե՞ղ է գրված»։

Սյունիքյան «պրեմիերայի» գլխավոր դերասացը, որքան էլ աբսուրդ է, դեռևս զբաղեցնում է ՀՀ վարչապետի աթոռը։ 
Մի մարդ, որի համար Արցախում դարերով ապրած, շենացրած ու արարած հայը «տեր լինելու» փաստարկ չէ։
Ըստ սրա՝ Հայրենիքն ընդամենն անհրաժեշտ «գործիք» էր, որը պետք էր նետել թշնամու երախը, որպեսզի ինքը՝ սեփական ձախողումների մեջ խճճվածը, հայտարարի՝ «Հայաստանը մերը չէր, հիմա մերն ա»։
Ո՞ր Հայաստանը, պարո՛ն ուրացող։ Այն Հայաստա՞նը, որը երբեք այսքան անտեր, այսքան անպաշտպան ու այսքան արժեզրկված չի եղել։ Հայաստանը դադարում է «մերը» լինել այն վայրկյանին, երբ նրա պատմությունը հռչակվում է «սխալ», նրա սրբությունները՝ «որոգայթ», իսկ սահմանները՝ «պայմանական»։
Ի դեպ, այդ տխմար հարցադրումը՝ «Ինչո՞վ ա մերը էղել», սովորական տգիտություն չէ։ Սա հայրենազրկման հստակ բանաձևն է։

Եթե պետության ղեկավարը կասկածի տակ է դնում սեփական հողի պատկանելությունը, նա ոչ թե հարց է հնչեցնում, այլ իրավական ու բարոյական «դաբրո» է տալիս ագրեսորին՝ վերցնելու այն ամենը, ինչն ինքը դեռ չի հասցրել հանձնել։ Սա սեփականության վկայականը պատռելու և թշնամուն ասելու պես մի բան է՝ «եկ, սա իմը չէ, տեր չեմ, տար»։
Ըստ այս կործանարար տրամաբանության՝ որքան փոքրանա Հայաստանը, այնքան մենք «ավելի ազատ» կլինենք։ 
Իսկական «Պլան Բարբարոսա»՝ իրականացված ներսից, որը ոչ թե զարգացում է, այլ պետականության կամավոր ինքնասպանություն։

Ղարաբաղցի-հայաստանցի պիղծ խաղաքարտը նորից շրջանառության մեջ է։ Թոշակների ու աշխատավարձերի տարբերությունը հաշվելով՝ սա փորձում է արթնացնել ստորին բնազդները, որպեսզի մարդն ուրախանա եղբոր կորստով, միայն թե սեփական ստամոքսը մի քանի գրամով ավելի լցվի։ Սա փողոցային բոսյակության բարձրագույն դրսևորումն է՝ լպիրշություն, որը չունի կարմիր գծեր։

Եթե այս ուրացում-տրամաբանությունը վերընտրվի, հաջորդ «թակարդը», որից մեզ «կազատեն», լինելու է մեր գոյության իրավունքը։ Որովհետև սրանց համար «իրական» Հայաստանն այն տարածքն է, որտեղ կարելի է միայն ուտել, «քեռակին դոմփել», ընդդիմադիրներ «շինել», քննել վարչապետի «առնանդամը» և մոռանալ սեփական պատիվն ու նախնիների շիրիմները։ Եվ ամենակարևորը՝ չունենալ ազգային արժանապատվություն, անցյալ ու հիշողություն։

Պատմությունը չի ներում ուրացողներին։ Իսկ ուրացողն «ուժեղ» է այնքան ժամանակ, քանի դեռ հանդուրժում ենք, որ մեր հաղթանակները կոչվեն «թակարդ», իսկ Հայրենիքը՝ «սխալ»։

ՈՒրացումը չի բերում խաղաղություն, այլ բերում է անդունդ։

Եթե այսօր մենք համակերպվենք «սխալ» լինելու մտքի հետ, ապա վաղը մեզնից կմնա անդեմ մի տարածք, որտեղ անցյալը մոռացված է, իսկ ապագան՝ ծախված։

Տեր լինենք մեր հիշողությանը, քանի դեռ այն մեզնից չեն «ազատել»։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ