Մեսրոպ Հարությունյան. Կանխել հայկական «1984»-ը

Խոսք 08.10.2021   12:00   272

Ալիք Մեդիա. ...« Հայաստանում այսպես կոչված «հեղափոխության» շնորհիվ իշխանության եկած մի քանի անհատներն ու նրանց հլու ծառայող եւս մի քանի հարյուրը ոչ թե իբրեւ նախազգուշացում, այլ իսկապես իբրեւ գործողությունների ծրագիր են կարդացել Օրուելի ե՛ւ «Անասնաֆերման», ե՛ւ «1984»-ը։

...Ու հիմա «հեղափոխական» իշխանությունն անցել է Օրուելի «1984»-ի «ծրագիրը» իրականացնելուն։

Քայլ առ քայլ։

«Ճշմարտության նախարարությունը» դեռ չի ստեղծվել, այն ընդամենը գործում է իբրեւ հայտնի ՊՈԱԿ, եւ այդ ՊՈԱԿ-ում նստած մի պայմանական Ուինսթոն ամեն օր սրբագրում է պատմությունը։

Կարդացեք «մեծ եղբոր» ու նրա «դամքաշների» «մտքերը» անցած երեսուն տարիների մասին եւ կտեսնեք պատմության «շտկումը»՝ իրենց ձեռնտու ձեւով։ Միայն մի օրինակ. պատմության նորահայտ սրբագրիչների համար Գորիս-Կապան ճանապարհին 1990-ականներին անվտանգության գոտի ստեղծելը ուրիշի տարածք ներխուժել էր, եւ հիմա «արդարությունը» վերականգնվել է։ Նրանց համար ընդհանրապես 90-ականների հաղթանակը հաղթանակ չէր, իսկ 2020-ի պարտությունն էլ պարտություն չէր։ Ըստ այդմ էլ համարյա նույնությամբ հայտնվել են նաեւ «մեծ եղբոր» հեղինակած կարգախոսները։

Առաջին՝ «Պատերազմը խաղաղություն է»։ Այսինքն՝ անպայման պատերազմ ու չորս հազար զոհ էր պետք խաղաղության արժեքը հասկանալու համար։

Սրանց երկրորդ կարգախոսը թեպետ տարբերվում է «1984»-ից («Ազատությունը ստրկություն է»), բայց նույնքան դիվային է հնչում. «Պարտությունը հաղթանակ է»։

Դե, իսկ Օրուելի վեպից հայտնի երրորդ՝ «Տգիտությունը ուժ է» կարգախոսն ամեն օր ապացուցում են հայրենի խորհրդարանի հատկապես ՔՊ-ական պատգամավորներն իրենց տգետ ելույթներով։

Շատ արագ տարածում է գտնում նաեւ «Մեծ եղբոր» խոսքերի վերաշարադրումն այնպես, որ ապացուցեն՝ «Մեծ եղբայրը» ճիշտ էր կանխագուշակել դեպքերի ընթացքը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Կամ՝ «Մեծ եղբոր» ասույթների անընդհատ վերախմբագրումը. «Շուշին դժգույն քաղաք է»։

Հետո՝ պայմանական Ուինսթոնը սրբագրում է՝ «կարծես էնքան էլ դժգույն չէ, բայց այնտեղ ոչինչ չի կառուցվել»։ Հետո նույն Ուինսթոնը ստանում է հուշումը եւ նոր սրբագրում անում՝ «կառուցվել է, բայց ոչ էնքան…»։

«Մեծ եղբոր» նկարներն արդեն կախված են մեծ ու փոքր պաշտոնյաների աշխատասենյակներում։ Եվ քանի որ պաշտոնյաները, նայելով «Մեծ եղբոր» լուսանկարին, ազնվության հեշտանք են ապրում (համարյա այսպես արտահայտվեց մի նախարար), ուստի շուտով հրաման կլինի այդ լուսանկարները կախել ամեն տեղ՝ չմոռանալով նաեւ մակագրությունը՝ «Մեծ եղբայրը հետեւում է քեզ»։

Դե, իսկ դրանից հետո մնացած գործողությունները՝ հեռէկրաններ տեղադրելը, տոտալ վերահսկողությունը մարդկանց մտքերի ու գաղափարների վրա (սա, ի դեպ, արդեն սկսվել է, վկա՝ հայհոյանքի համար հարուցված քրեական գործը), եւ վերջապես՝ «Մեծ եղբոր» կամոք սիրելու թույլտվությունը ապագայի միանգամայն լուծելի խնդիրներ են։

Սա էլ ի՛մ պատկերացրած մռայլ անտիուտոպիան էր, որի իրականություն դառնալ կանխելը օրվա հրամայականն է։

...Հ. Գ. Վերադառնանք իրականություն. «Նապոլեոնը»… Վայ, սխալվեցի՝ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը կոչ են անում վճարել հարկերը, անպայման պահանջել ՀԴՄ կտրոն եւ այլն։ Պարզ է՝ որպեսզի բյուջեի մուտքերն ավելանան։ Բայց երբ դու տեսնում ես, որ քո հարկերի հաշվին ձեւավորվող բյուջեից ոչ թե թոշակներն են ավելանում, ոչ թե ուսուցչի, բժշկի, դասախոսի եւ հանրային կարեւոր գործ կատարող այլ մասնագետների աշխատավարձն է ավելանում, ոչ թե պետպատվերով առողջապահական սպասարկումն է մեծանում, այլ դրա փոխարեն նույն բյուջեի հաշվին պատգամավորներն իրենց լրացուցիչ 250 հազար են ավելացնում՝ «սեմուշկի» համար, իսկ հիմա էլ որոշում են սոցփաթեթի գումարներով (այսինքն՝ էլի՛ մեր հաշվին) փակել իրենց սաունա գնալու գումարը, ապա ակամա ցանկություն է առաջանում ոչ մի հարկ էլ չվճարել։ Մի՞թե այս ապիկար իշխանությունը չի հասկանում, որ եթե մարդիկ նորմալ չաշխատեն եւ նորմալ չվարձատրվեն կամ էդ ամեն ինչը տեսնելով թաքցնեն հարկերը, ապա ոչ միայն սաունա գնալու, այլեւ անգամ «Մեծ եղբոր» պաշտամունքի տոտալ քարոզչության համար փող չի լինի բյուջեում։

Խմբագիր, փորձագետ Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մեսրոպ Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon