ՄԻՊ. Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է

Պաշտոնական 12.01.2021   13:27   163

Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան տանող ճանապարհի 68 կիլոմետրանոց հատվածից 21 կմ-ն այս պահին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ սահմանազատման աշխատանքներում խնդրահարույց դեպքեր են արձանագրվել։ Որպես օրինակ բերեց Շուռնուխի բնակիչներից մեկի դեպքը, երբ անասնագոմը երկու մասի է բաժանվել` «ադրբեջանական» և «հայկական»։

«Բացի այդ, ադրբեջանցի զինվորները ճանապարհներին ցուցանակների տեղադրումը բացահայտ սադրանքների միջոցով են անում։ Նրանք պարբերաբար զենքով հայտնվում են այդ ճանապարհների վրա։ Հարցն այն է, որ այդ ճանապարհները մեր քաղաքացիական բնակավայրերն իրար կապող ճանապարհներն են, և եթե հայկական կողմում խաղաղ բնակիչներն են, ապա ադրբեջանական կողմում` զինվորներ են կանգնած»,–ասաց Թաթոյանը։

Նա հավելեց, որ այս բոլոր խնդիրներն առաջացել են, քանի որ սահմանների որոշման գործընթացը մեխանիկական մոտեցումներով է ընթանում։

Թաթոյանը հայտնեց նաև, որ սահմանազատման աշխատանքների հետևանքով ուղիղ սպառնալիքներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև Մ2 միջպետական` Կապանը Երևանին կապող ճանապարհի հետ։ Կապանի խաղաղ բնակությունը նույնպես վտանգի տակ է հայտնվել:

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձավ նաև մի շարք անպատասխան մնացած հարցերի, օրինակ` ի՞նչ օրենսդրությունն է կիրառվելու ՃՏՊ–ների դեպքում հայ և ադրբեջանցի վարորդների միջև, կամ էլ` ի՞նչ է լինելու, եթե որևէ մեկի մեքենան փչանա այն հատվածում, ուր ադրբեջանցի զինվորներ են կանգնած։

Թաթոյանի խոսքով` եթե որոշ տարածքներ համարվում են Ադրբեջանինը և այդտեղ մարդ է ընկնում մեքենայի տակ` ադրբեջանցի քննիչնե՞րն են գալու դեպքի վայր։

«Եթե օրինակ, տեղի ունենա ոչ միայն հայկական մեքենաների միջև այդ պատահարը, այլ նաև, օրինակ, հայկական մեքենայի և ադրբեջանական մեքենայի միջև։ Ինչ կլինի, եթե մեքենան այդ հատվածներում փչանա և պետք է կանգնի ու վերանորոգի։ Եթե այդ հատվածներում լինեն երթևեկության կանոնների խախտումներ, հանցագործություններ և այլն, եթե դա համարում ենք ադրբեջանական տարածք, ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանի քննչական մարմինը ՀՀ քաղաքացու նկատմամբ քննչական գործողություններ պետք է իրականացնեն։ Այս հարցերը ընդհանրապես կարգավորված չեն»,- ընդգծեց Թաթոյանը։

Արման Թաթոյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև գերիների հետ կապված խնդրին՝ նշելով, որ հիմա էլ կան գերիներ և այդ թիվը շատ մեծ է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՄԻՊ, Արման Թաթոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon