ՄԻՊ. Որոտանում զինված ու դիմակավորված ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող ավտոբուսը

Պաշտոնական 18.09.2021   10:00   117

Ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուսը: Ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ ահազանգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների, մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, ադրբեջանական զինված ծառայողները միշտ էլ գործելու են այսպիսի հանցանքներ, թույլ են տալու սանձարցակ պահվածք: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով:

Այս տեսանյութում ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս: Երեխաներն Արցախից են, որ երթևեկում են Որոտանի ճանապարհով: Արցախի իմ գործընկերոջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի (Gegham G. Stepanyan) հետ համատեղ պարզել ենք, որ Արցախի ֆուտբոլ խաղացող երեխաներ են՝ 15-16 տարեկան: Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով: Երեխաների ավտոբուսն այդպես պահել են 10-15 րոպե: Այդ ընթացքում նաև ավտոբուսի վրայից դանակով քերել են Արցախի դրոշը:

Ադրբեջանական աղբյուրները հպարտությամբ տարածում են այս տեսանյութը: Բայց այստեղ հարցը պահվածքն է, որ ադրբեջանական զինված ծառայողները ցուցաբերում են երեխաների նկատմամբ, երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ՝ դիմակով ու զինված:

Հիմա էլ տեսանյութը տեղադրել են ադրբեջանական սոցիական ցանցերում, ու այն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և խորքային ատելությամբ:

Այս ամենը տարիների պետական հովանավորչությամբ ադրբեջանական հայատյացության քաղաքականության արդյունք է: Ապացույցները մենք փաստագրել ենք»:

Հիշեցնենք նաև՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահները կանգնեցրել են նաև հայ սահմանապահներին սնունդ տանող մեքենան։ Վարորդից բացի մեքենայում նաև որոտանցի երիտասարդներ են եղել:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ադրբեջան, հայ երեխաներ, Արցախ, Գեղամ Ստեփանյան, ԱՀ ՄԻՊ, Որոտան, ՄԻՊ Արման Թաթոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon