Մոտենում ենք կորոնավիրուսի պիկին. մահճակալային ֆոնդը զբաղված է

Պաշտոնական 27.03.2021   11:30   81

Երեկ կատարվել է 5753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1094 նոր դեպք: Ունենք 743 առողջացած և 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ 

Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճի պատճառով Հայաստանում ավելանում է այն հիվանդանոցների թիվը, որոնք զբաղվում են կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը:

«Կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ այս պահին զբաղվում են 15 հիվանդանոց, որոնցից մեկին հենց այսօր ենք ներգրավել այդ պրոցեսում։ Այդ հիվանդանոցներից 5-ը մարզային են, մյուսները երևանյան հիվանդանոցներն են։ Մասնավորապես, մարզերում վարակակիրների բուժմամբ զբաղվում են Գյումրու երկու ԲԿ-ները և Կապանի, Մարտունու, Սպիտակի ԲԿ-ները»,-ասաց Խաչատրյանը։

Ի պատասխան այն հարցի, թե բաց և փակ տարածություններում դիմակ չդնելու համար արդյո՞ք կարող են նորից տուգանքներ կիրառվել, Խաչատրյանը նշեց, որ իրականում դիմակ դնելու որոշումը չի էլ չեղարկվել, այսինքն` հիմա էլ պարտադիր է այն։ Նա հավելեց, որ կան պատասխանատու մարմիններ, որոնք պետք է վերահսկեն իրավիճակը։

Համաճարակաբան, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանն էլ ասում է, որ արդեն իսկ մոտենում ենք կորոնավիրուսային պիկին։

«Բնական ձևով է ընթանում համաճարակային պրոցեսը. դեպքերը կավելանան, որոշակի իմունիտետ ձեռք կբերենք, և եթե նորից հատուկ միջոցառումներ չիրականացնենք, կունենանք կորոնավիրուսի 4-րդ և 5-րդ ալիքները։ Հարցն այն է, որ չնայած բոլորն էլ ծանոթ են հակահամաճարակային կանոններին, թուլացրել են զգոնությունը։ Մեկն ասում է` հիվանդացել է և արդեն հակամարմիններ ունի, մյուսն ասում է` իրեն ապահով է զգում, քանի որ կողքինը հակամարմին ունի»,-նշեց համաճարակաբանը։

Նրա խոսքով` մահճակալային ֆոնդը զբաղված է, հիվանդանոցներն արդեն իսկ ծանրաբեռնված են. կորոնավիրուսով վարակված մի հղի կնոջ հոսպիտալացնելու համար այսօր երկար է փնտրտուքների մեջ եղել։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon