«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Նախատեսվում է սահմանել առողջության հարկ

Նախատեսվում է սահմանել առողջության հարկ

Առողջության պարտադիր ու համապարփակ ապահովագրությունը շուտով կարող  է իրականություն դառնալ: Դրան առաջարկվում է հասնել առողջության հարկ սահմանելու միջոցով:

Նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը», ըստ որի՝ ՀՀ բոլոր աշխատող եւ ինքնազբաղված քաղաքացիներն առողջության հարկ կվճարեն: 

Աշխատողների 59%-ի՝ ավելի քան 150 հազար դրամ ստացողների համար դա կկազմի աշխատավարձի 4-6%-ը, որն էլ կմեղմվի եկամտահարկի համահարթեցման արդյունքում. այն 2021թ-ից նվազեցվում է 4%-ով, եւ ակնկալվում է, որ առողջության հարկը չի ունենա զգալի բացասական ազդեցություն այս խմբի աշխատողների եկամուտների վրա: Իսկ շուրջ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար (41%-ն են), նախագծում նշվում է, որ առողջության հարկը չի լինի հավելյալ բեռ:

Ինչպե՞ս է մեղմվելու այս խմբի եկամտի կորուստը՝ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Առողջապահության նախարարությունից հաղորդեցին. «Նախագծով ներկայացվող տարբերակում, հարկի չափը սահմանվում է 6%, ուղղակի եկամտային հարկի համահարթեցման արդյունքում նախատեսվում է եկամտային հարկի սահմանաչափը դարձնել 20% և, հետևաբար, մինչև 150 հազար դրամ ստացողների համար առողջության հարկը մեղմվում է այդ համահարթեցման արդյունքում: Բացի դա, ամսեկան միջին անվանական աշխատավարձի չափը վերջին մեկ տարվա ընթացքում գրանցել է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 6% աճ, ինչը նույնպես փաստում է առողջության հարկի ներդրման դեպքում եկամուտների կորստի մեղմման մասին»: Ապահովագրական ծածկույթի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը կիրականացվի երկու հիմնական աղբյուրից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որով անկախ սոցիալական կարգավիճակից՝ բնակչության բոլոր (այդ թվում եւ, սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձինք) կունենան առողջության ապահովագրական միեւնույն փաթեթը։ Հիմնական ծառայություններ ստանալու տեսանկյունից չեն տարբերվի հարուստների եւ աղքատների կամ սոցիալապես անապահովների համար գոյություն ունեցող պայմանները, բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունները, դրանց մատուցման որակը։ Առողջական խնդիրներ առաջանալու դեպքում մարդիկ չեն մտածի գումարներ հայթայթելու, վարկեր վերցնելու, պարտքով գումար խնդրելու կամ անձնական գույք վաճառելու մասին։

Հաշվարկված եւ կանխատեսվող տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով կկազմի 77 274 դրամ:

Հարկային օրենսգրքով նախատեսված են արտոնություններ կազմակերպությունների համար՝ թույլ տալով տարեկան մինչև 120 հազար դրամի չափով բժշկական ապահովագրական փաթեթ ձեռք բերելու դեպքում տվյալ գումարի չափով նվազեցում կատարել հարկվող եկամտից։

Ապահովագրությունն, ըստ նախագծի, կներառի հետևյալ ծառայությունները.

Մինչև 18 տարեկան երեխաների համար.

Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

  1. Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը և բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային ՝ այդ թվում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար,
  2. Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,
  3. Շտապ բժշկական օգնության ծառայություներ, այդ թվում սանավիացիա,
  4. Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը,
  5. Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի ծառայություններ,
  6. Զիմնական դեղերի ցանկում ընդգրկված և տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում հիվանդությունների դեպքում,

Պետական հոգածության առողջապահական ծառայություններ, այդ թվում.

  1. իմունիզացիա,
  2. կանխարգելիչ բժշկական օգնություն, պարտադիր բժշկական զննումներ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ,
  3. աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
  4. տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,
  5. ԵԻԱՎ/ՁԻԱՀ բժշկական օգնության ծառայություններ,
  6. Զոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
  7. հեմոդիալիզի ծառայություններ:

Հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

  1. Նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններ,
  2. Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայություններ,
  3. Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն,
  4. Չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բուժօգնություն,
  5. Մանկաբարձություն և նեոնատալ խնամքի ծառայություններ,
  6. Մանկական և նորածնային վիրաբուժության, ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական և դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ. 

18 տարեկանից բարձր բնակչության համար.

Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

  1. Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը և բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային ՝ այդ թվում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար,
  2. Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,
  3. Շտապ բժշկական օգնության ծառայություներ, այդ թվում սանավիացիա
  4. Ստոմատոլոգիական անհետաձգելի բժշկական օգնությունը (զննում և ատամի հեռացում, պրոթեզավորում),

Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում քրոնիկ հիվանդությունների դեպքում, այդ թվում՝

  1. Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, դրանցից` արյան ճնշման բարձրացումով բնորոշվող հիվանդություններ/գերճնշումային հիվանդություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղի անոթային հիվանդություն,
  2. Ներզատական համակարգի հիվանդություներ, սնուցման և նյութափոխանակության խանգարումներ, դրանցից` թիրեոտոքսիկոզ (հիպերթիրեոզ), շաքարային դիաբետ,
  3. Մարսողական օրգանների հիվանդություններ, դրանցից՝ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոց, լեղապարկի և լեղուղիների հիվանդություններ:
  4. Շնչառական ուղիների հիվանդություններ, դրանցից՝ բրոնխիտ՝ քրոնիկական և չճշտված, էմֆիզեմա, թոքաբորբ, ասթմա, ասթմատիկ ստատուս:
  5. Այլ քրոնիկ հիվանդություններ, դրանցից՝ աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ, Ռեակտիվ հոդախախտեր, ռևմատոիդ հոդաբորբ, շարակցական հյուսվածքի տարածուն ախտահարումներ, սպոնդիլոպաթիաներ, երիկամների գլոմերուլյար և տուբուլոինտերստիցիալ. երիկամի և միզածորանի այլ հիվանդություններ, արգանդի պարանոցի էրոզիա և էկտրոպրիոն:

Պետական հոգածության առողջապահական ծառայություններ, այդ թվում.

  1.  իմունիզացիա,
  2. կանխարգելիչ բժշկական օգնություն, պարտադիր բժշկական զննումներ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ,
  3. աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
  4. տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,
  5. ՄԻԱՎ/ՁԻԱՀ բժշկական օգնության ծառայություններ,
  6. հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
  7. հեմոդիալիզի ծառայություններ: 

Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

  1. Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայություններ,
  2. Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն,
  3. Չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բուժօգնություն,
  4. Մանկաբարձություն, նախածննդյան և հետծննդյան բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ,
  5. Ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական և դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ: 

Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը կներառի բուժման համար անհրաժեշտ միջոցառումները և հարբժշկական ծառայությունները, այդ թվում`

  1. բժշկական խորհրդատվություններ,
  2. հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային հետազոտությունները,
  3. հիվանդանոցային բուժման ընթացքում հիվանդանոցի կողմից անհրաժեշտ դեղորայքով և ԲՆԱ-ով ապահովումը, բուժական միջամտությունները.
  4. հիվանդին հիվանդասենյակով ապահովելը (բացառությամբ հիվանդի կողմից նախընտրած առանձին վճարովի հիվանդասենյակների արժեքի):

Պայմանագրով նախատեսված պայմանների խախտումների համար նախատեսվում է սահմանել խիստ պատիժներ և տուգանքներ ինչպես բժշկական կազմակերպությունների, այնպես էլ բժիշկների համար՝ ընդհուպ մինչև պայմանագրի լուծարում, լիցենզիայից զրկելու համար դիմում ԱՆ և այլն։

Նշենք նաև, որ ԱՀԱ-ի նախագծի հիմնավորումներում նշվում են այն խնդիրները, որ առկա են այսօր առողջապահական համակարգում. արձանագրվում է, որ առողջապահության ոլորտի ոչ բավարար չափով ֆինանսավորումը բերել է հասարակության սոցիալապես անապահով հատվածի թույլ թիրախավորման, իրական ծախսերից ցածր փոխհատուցվող գների, բժշկական մասնագիտացված անձնակազմի բացակայությանը մարզերում:

Ֆինանսական մատչելիության ցածր մակարդակը բերել է բժշկական կազմակերպությունների թերի ծանրաբեռնվածությանը և ֆինանսական պատճառներով բնակչության շուրջ 20.1%-ը չի հաճախում առողջության առաջնային պահպանման բժշկի: 

Ֆինանսական միջոցների պակասը խոչընդոտում է համակարգի զարգացմանը և բուժօգնության որակի բարելավմանը: Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է, ինչն ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում: