Պոմպեո. Բելառուսի ընտրություններն ազատ չեն եղել. Ինչ այժմ տեղի է ունենում այնտեղ՝ ողբերգություն է

Աշխարհ 13.08.2020   10:30   5185

Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ազատ չեն եղել։ Չեխական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Բելառուսում ընտրություններն ազատ չեն եղել։ Այժմ սկսվել են կոշտ գործողություններ խաղաղ ցուցարարների դեմ։ Ինչ այժմ տեղի է ունենում այնտեղ՝ դա ողբերգություն է»,- ասել է Պոմպեոն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պոիտինի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է հայտնել Բլառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի, քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման կապակցությամբ և երկխոսության կոչ արել։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության կոմյունիկեում։

«Երկրի նախագահը մեծ մտահոգություն է հայտնել բելառուսում իրավիճակի և քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառման կապակցությամբ։ Նա ընդգծել է երկխոսություն գտնելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Եվրամիությունը  դատապարտել է Բելառուսում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ «անհամաչափ և անընդունելի պետական բռնությունը»: ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի և Եվրամիության ընդլայնման համար պատասխանատու Եվրահանձնաժողովի անդամ Օլիվեր Վարգելի հայտարարության մեջ ասվում է, որ ուժի կիրառման հետևանքով, ըստ հաղորդագրությունների, զոհվել է մեկ մարդ, շատերը վիրավորվել են: ԵՄ-ն նաև կոչ է արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:

«Վերանայվում է Եվրամիության եւ Բելառուսի միջև հարաբերություններին վերաբերող հարցերի ամբողջ սպեկտրը` կիրակի նախագահական ընտրությունների հետ կապված տխուր իրադարձությունների կապակցությամբ»,- մամուլի ասուլիսին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը:

Նա նաև հայտարարել է ԵՄ անդամ 27 երկրների համատեղ հայտարարության նախապատրաստման մասին` Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

Լեհաստանը, Լիտվան և Լատվիան պատրաստ են միջնորդական առաքելություն ստանձնել Բելառուսում ծագած ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով, օգոստոսի 12-ին հայտարարել է Լիտվայի նախագահ Գինտանաս Նեուսեդան։

Նրա խոսքով` Բելառուսի իշխանությունները պետք է վերջ տան բողոքի ակցիաների մասնակիցների դեմ բռնություններին, ազատ արձակեն վերջին օրերին ձերբակալվածներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին հատուկ հակաճգնաժամային մարմին ձևավորեն։

«Եթե մեր այս առաջարկը մերժվի, ապա կմնա պատժամիջոցների տարբերակը», -նշել է Լիտվայի նախագահը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բելառուս, Ֆրանսիա, ԱՄՆ, նախագահական ընտրություններ, ԵՄ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon