Սլովակիայի Ազգային խորհուրդը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Արցախ 01.04.2021   19:31   135

Այսօր Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից միաձայն 120 կողմ ձայնով ընդունվեց Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER–SD/Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի (Marián Kéry) կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձևը։ Տեղեկությունը հայտնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։

«Բանաձևում խստորեն դատապարտվում են խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային և կրոնական ժառանգության կոթողների և հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվում հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության և դրանց ապակայունացնող դերի առնչությամբ, շեշտվում է, որ տևական խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, խորը մտահոգություն է հայտնվում, ռազմագերիների և բռնի կերպով պահվող այլ անձանց, ներառյալ՝ քաղաքացիական անձանց, Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949թ. Ժնևի կոնվենցիայի (III) դրույթների համաձայն, ազատ չարձակման առնչությամբ։

Բանաձևով Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը և միջազգային կազմակերպություններին կոչ է արվում ապահովել պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը, բոլոր ռազմագերիների և խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ առանց սահմանափակումների:

Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի կողմից  ԼՂ դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի վերաբերյալ երկրորդ բանաձևն է, որն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհուրդը։ Առաջինը՝ «Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ» բանաձևը Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից ընդունվել է 2020թ․ նոյեմբերի 4-ին»։ 

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդ

Բանաձև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

1 ապրիլ 2021թ․

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդը

a. հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը լիակատար զինադադարի վերաբերյալ հայտարարությունը, որը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին,

b․ խստորեն դատապարտելով խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական շինությունների, ենթակառուցվածքների, մշակութային և կրոնական ժառանգության հուշարձանների ոչնչացումը,

c. մտահոգություն հայտնելով հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության և դրանց ապակայունացնող դերի առնչությամբ,

d. շեշտելով, որ տևական խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո,

e. խորապես մտահոգություն հայտնելով այն կապակցությամբ, որ բոլոր ռազմագերիները և բռնի պահվող այլ անձինք, ներառյալ՝ քաղաքացիական անձինք, ազատ չեն արձակվել՝ համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949թ. Ժնևի կոնվենցիայի (III) դրույթների,

f. կոչ է անում Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը և միջազգային կազմակերպություններին ապահովել.

  • պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը,
  • բոլոր ռազմագերիների և խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը.
  • միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ առանց սահմանափակումների:
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, բանաձև, Արցախ, Սլովակիա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon